Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը երեք պայման է առաջադրում զինդատախազությանը


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր երեք պայման է նշել, որոնց բավարարման դեպքում միայն իր ներկայացուցչին կընդգրկի Զինված ուժերում մահվան ելքով դեպքերի ուսումնասիրման նպատակով զինդատախազության նախաձեռնությամբ ստեղծվելիք աշխատանքային խմբում:

Ինքնին դրական համարելով զինդատախազության նախաձեռնությունը, օմբուդսմենը, այդուհանդերձ, պնդում է, որպեսզի, նախ, աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրման ենթակա դառնան այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2001 թվականի հունվարի 1-ից հետո, երկրորդ՝ աշխատանքային խմբի գործունեության ձևաչափը և աշխատակարգը որոշվի հենց խմբի կողմից, եւ երրորդ՝ հստակեցվի, թե ինչ իրավական հետևանք են ունենալու աշխատանքային խմբի կայացրած որոշումները և ինչ չափով են հաշվի առնվելու հասարակական կազմակերպությունների փորձագետների կողմից կատարված առաջարկությունները:

Իր հաղորդագրությունում հիշեցնելով, որ օմբուդսմենը դեռևս 2011 թվականին Ազգային ժողովին առաջարկել էր ստեղծել Զինված ուժերում արձանագրված մահվան փաստերով քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ, սակայն խորհրդարանի համապատասխան հանձնախմբի կողմից նախաձեռնությունը թողնվել էր անավարտ, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է․ - «Այժմ Զինվորական դատախազությունը նախատեսում է աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության առարկա դարձնել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո: Մինչդեռ, այսօր առկա են բազմաթիվ բողոքներ դեռևս 2001 թվականին տեղի ունեցած մահվան դեպքերի քննության վերաբերյալ»:

«Պաշտպանը համոզված է, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարադատության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG