Մատչելիության հղումներ

Հուլիսի 11-ի մամուլ


«168 ժամ»-ը, անդրադառնալով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու կասկածանքով Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի ձերբակալությանը, գրում է․ - «Տիգրան Վիրաբյանի անունը շրջանառության մեջ հայտնվեց, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվության խորհրդարանական քննարկումներից ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտնի «պահվածքից» հետո Ֆինանսների նախարարության Վերահսկողական տեսչությունը հրապարակեց 4 մարզերում, այդ թվում՝ Արարատի մարզում գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ տրամադրվող դիզելային վառելիքի հատկացման հետ կապված ուսումնասիրությունների արդյունքները, որոնցից պարզ դարձավ, որ Աբրահամյանները 48 հազար լիտր դիզելային վառելիք են ստացել՝ անապահով գյուղացիների համար նախատեսված գներով: Սա, քաղաքական շրջանակներում տարածված կարծիքի համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանն էր Հովիկ Աբրահամյանին»:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանի նշանակմանը, գրում է․ - «Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նորանշանակ մարզպետը հայտարարեց, որ իր համար դա սպասելի էր, քանի որ ինքը երեք անգամ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է դարձել Սյունիքի մարզից: Երեք անգամ մարզից ընտրված լինելը, իհարկե, հզոր փաստարկ է՝ եթե հաշվի չառնենք, թե ինչպես են Հայաստանում տեղական խանիկները մեծամասնականով «ընտրվում»: Բացի այդ, կարևոր է նաև, թե ինչ են անում մեծամասնականով «ընտրվածները» «ընտրվելուց» հետո: Շատ դժվար է, եթե չասենք անհնարին, հիշել գոնե մի դեպք, որ «ընտրված» Վահե Հակոբյանը ԱԺ ամբիոնից անցած ավելի քան 10 տարիների ընթացքում գոնե մի հարց բարձրացրած լինի, մի որևէ խնդրի լուծում առաջարկած լինի հրապարակայնորեն, մամուլի ասուլիս հրավիրած լինի, կարծիք հայտնած լինի որևէ հարցի վերաբերյալ․․․ Փոխարենը նա ունի հզոր «պապա»: Խոսքը Հայաստանի ամենամեծ ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տերուտիրական Մաքսիմ Հակոբյանի մասին է»:

«Ժամանակ» օրաթերթը, արձագանքելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե վարչապետը պատերազմն է հայտարարել Դաշնակցությանը, գրում է․ - «Մի քանի տարի առաջ ՀՅԴ-ն «պատերազմ» էր հայտարարել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և ինտենսիվորեն պահանջում էր նրա հրաժարականը: Այդ պատերազմում ՀՅԴ-ն պարտվեց, քանի որ Սերժ Սարգսյանը ոչ միայն պաշտոնանկ չարեց Նալբանդյանին, այլ նույնիսկ վերանշանակեց նրան իր երկրորդ ժամկետում: Այսօր ՀՅԴ-ն պատերազմի մեջ է մտնում Տիգրան Սարգսյանի դեմ: Աճը երևում է, և եթե այսպես շարունակվի, ապա Դաշնակցությունը կհասնի նաև Սերժ Սարգսյանի դեմ պատերազմի: Սակայն, սա դեռևս խիստ տեսական հեռանկար է, քանի որ առայժմ ՀՅԴ-ն նույնիսկ ճանաչում է Սերժ Սարգսյանի «ընտրյալ» լինելը»:

«Ժողովուրդ» օրաթերթը «Սարգսյան եղբայրների 2 մլն դոլարանող ցուցահանդեսը» վերնագրի ներքո գրում է․ - «Աղետներից տուժած քաղաքացիների փոխհատուցման, ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների, աղքատության ցուցանիշի նվազման, ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման և այլ կարևորագույն ծրագրեր իրականացնելու համար ՀՀ պետբյուջեում գրեթե միշտ փող չկա: Իսկ ահա զվարճանքների, դասախոսությունների, անհեթեթ ծրագրերի համար գումարներ գտնվում են: «Ժողովուրդ» օրաթերթը սենսացիոն բացահայտում է արել. պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում անունը շոշափվում է ֆինանսական մեքենայությունների թեմայով, իր նշանակումից մեկ տարի անց՝ 2009-ին և 2010-ին, ՀՀ կառավարության որոշում է կայացրել ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար»: Թերթը նկատում է, որ ցուցահանդեսի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասը տվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, որտեղ Հայաստանի դեսպանը վարչապետի եղբայրն է:

«Հայկական ժամանակ»-ը, տեղեկացնելով, որ Կառավարությունը հավանություն է տվել Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած նախագծին, որի նպատակը սպայակազմի ծառայության ժամկետը երկարացնել է, գրում է․ - «ԱԱԾ-ում ավագ սպայակազմի համար ծառայության առավելագույն տարիքը 65-ն է, որը «բացառիկ դեպքերում» կարող է երկարացվել 5 տարով: Այս փոփոխությամբ նախատեսվում է այդ 5 տարին դարձնել 10: Բոլորն են հասկանում, որ սա արվում է բացառապես մի նպատակով՝ ԱԱԾ ներկայիս տնօրեն 67-ամյա Գորիկ Հակոբյանին ևս մի քանի տարի իր պաշտոնում պահելու համար: Խնդիրն այն է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ներքաղաքական տիրույթում Սերժ Սարգսյանի համար առանցքային նշանակություն ունի՝ հաշվի առնելով երկրում օր-օրի ահագնացող սոցիալական բունտի վտանգն ու հնարավոր քաղաքական զարգացումները, որ ամեն պահի կարող են դուրս գալ Սարգսյանի վերահսկողությունից: Նման իրավիճակում ԱԱԾ տնօրենը պետք է Սերժ Սարգսյանի համար լինի բացարձակապես վստահելի անձնավորություն և անվերապահորեն ծառայի նրան: Իսկ Գորիկ Հակոբյանը 2008 թվականի «Մարտի 1»-ով և հետմարտիմեկյան փուլով արդեն ստուգված է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG