Մատչելիության հղումներ

Եվրահանձնակատարը սկսեց իր հանդիպումները Երեւանում


Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ելույթ է ունենում կոնֆերանսի ժամանակ, արխիվ
Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ելույթ է ունենում կոնֆերանսի ժամանակ, արխիվ

«Ծայրահեղ կարևոր փուլում ակնկալվում է, որ մեր գործընկերները կցուցաբերեն իրենց հավատարմությունը», - իր այցի կապակցությամբ գրել է Շտեֆան Ֆյուլեն:

Նախօրեին Երեւան ժամանած Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար, չեխ դիվանագետ Շտեֆան Ֆյուլեն այսօր առավոտյան սկսեց հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ, նա արդեն հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Այս օրերին Հայաստան ու Վրաստան իր այցելության մասին Ֆյուլեն գրել է․ - «Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ ծայրահեղ կարևոր փուլում ակնկալվում է, որ մեր գործընկերները կցուցաբերեն իրենց հավատարմությունը՝ խորացնելու մեր համագործակցությունը՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների վրա, և ապահովելու բնակչությանը տարածելու մեր սերտ համագործակցության օգուտները»:

«Սա նաև հնարավորություն է՝ շեշտադրելու Եվրամիության և նրա անդամ երկրների շարունակվող հավատարմությունը և աջակցությունը Հայաստանին ու Վրաստանին և նրանց քաղաքացիներին», - նշել է Ֆյուլեն իր գրառման մեջ, որը տեղադրված է հանձնակատարի պաշտոնական կայքում:

Այսօր Երևանում սկսվելու են Շտեֆան Ֆյուլեի հանդիպումները: Նա Հայաստան է ժամանել Վրաստանից, որտեղ նախօրեին հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարների հետ:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ մամուլի համատեղ ասուլիսում Շտեֆան Ֆյուլեն ասել է․ - «Մենք հույս ունենք Վիլնյուսում ավարտել ասոցացման համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի հետ, իսկ Վրաստանը նոր խթան կստանա Եվրամիության հետ առավել սերտ հարաբերությունների համար: Սա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին»:

Ֆյուլեն ավելացրել է, որ աշնանը մտադիր են հատուկ առաքելություն ուղարկել Վրաստան՝ որոշակիացնելու համագործակցության լայն շրջանակները:

Հանձնակատարը անդրադարձել է նաև Վրաստանի ներքին իրավիճակին՝ նշելով, որ երկրում այսօր կարևոր է նախկին ու ներկայիս իշխանությունների համագործակցության գործընթացը: Նա ընդգծել է, որ դա նախապայման է երկրի ժողովրդավարական զարգացման համար:

«Եվրամիությունը հատուկ ուշադրություն է դարձնում այդ խնդրին և պահանջում օրենքի գերակայություն», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն:

Հայաստանյան հանդիպումներից հետո եվրահանձնակատարը մեկնելու է Բաթումի, որտեղ հուլիսի 11-12-ը մասնակցելու է «Վրաստանը եվրոպական ճանապարհին» համաժողովին: Բաթումիում Ֆյուլեն հանդիպելու է նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG