Մատչելիության հղումներ

Բախումները Եգիպտոսում շարունակվում են


Ըստ հաղորդագրությունների, երեկվա ընթացքում Եգիպտոսում շարունակվող բախումները խլել են շուրջ 3 տասնյակ մարդու կյանք: Վիրավորների թիվը հաշվվում է տասնյակներով:

Պետական հեռուստատեսության տվյալներով, մայրաքաղաք Կահիրեում օրերս պաշտոնազրկված նախագահ Մուրսիի կողմակիցների և հակառակորդների միջև բախումների ընթացքում 17 մարդ է զոհվել: Ավելի ուշ իշխանությունները հայտնել էին, որ ևս 12 մարդ զոհվել է Ալեքսանդրայում:

Երեկ «Մահմեդական եղբայրներ» շարժման հազարավոր կողմնակիցներ ցույցի էին ելել՝ պահանջելով Մուսիին վերադարձնել երկրի նախագահի լիազորությունները:

Բռնություն հրահրելու մեղադրանքով Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդի տեղակալ Հայրաթ աշ- Շաթերին:

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը դատապարտել է երեկ տեղի ունեցած բախումները և երկրի առաջնորդներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել բռնությունները կանխելու ուղղությամբ:

Չորեքշաբթի օրը, հիշեցնենք, զինվորականները պաշտոնազրկել էին Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիին: Պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG