Մատչելիության հղումներ

Մխիթարյանը միանում է Դորթմունդի «Բորուսիային»


BBC ռադիոկայանի փոխանցմամբ, Դոնեցկի «Շախտյորը» եւ Դորթմունդի «Բորուսիան» համաձայնեցրել են Հայաստանի ազգային հավաքականի աստղ, ուկրաինական լիգայի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման հարցը։

Ռադիոկայանի մարզական մեկնաբան Ֆիլ ՄաքՆալթին գրում է, որ 24-ամյա հայ ֆուտբոլիստի հետ շատ էր ցանկանում պայմանագիր կնքել «Լիվերպուլը», սակայն գործարքը ձախողվել է։

«Բորուսիան» հայ ֆուտբոլիստի համար կվճարի 24 միլիոն եվրո։ «Բիլդ» գերմանական հանդեսը նշում է, որ Մխիթարյանի հետ պայմանագիրը կնքվում է հինգ տարով` մինչեւ 2018 թվականը։

«Բիլդը» Մխիթարյանին անվանել է «հայ Զինեդին Զիդան», հավելելով, որ մարզիկը ուկրաինական լիգայի 29 խաղերում 25 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։

«Վերջապես «Բորուսիան» գտավ արժանի մեկին, ով կարող է փոխարինել «Բավարիա» տեղափոխվող Մարիո Գոտցեին»,- գրել է «Բիլդի» մեկնաբանը, հավելելով, որ Մխիթարյանին ձեռք բերելու համար Դորթմունդի ակումբը թեժ պայքար է մղել անգլիական երկու թիմերի` «Լիվերպուլի» եւ «Տոթենհեմի» հետ։

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG