Մատչելիության հղումներ

Եգիպտոսի բանակը պաշտոնանկ արեց նախագահին


Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հայտարարությամբ է հանդես գալիս պետական հեռուստատեսությամբ, 3-ը հուլիսի, 2013թ.
Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հայտարարությամբ է հանդես գալիս պետական հեռուստատեսությամբ, 3-ը հուլիսի, 2013թ.
Եգիպտոսի ճգնաժամը հանգուցալուծվել է բանակի միջամտությամբ։ Զինվորականները պաշտոնանկ են արել դեմոկրատական ընտրակարգով ընտրված երկրի առաջին նախագահ Մուհամեդ Մուրսիին և նախագահի պաշտոնակատար են նշանակել Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրին։

Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հեռուստատեսությամբ հայտարարել է, որ «բանակն իր վրա է վերցնում երկիրը պաշտպանելու պատմական պատասխանատվությունը»։

«Ալ-Ախրամ» պարբերականի փոխանցմամբ` «տեղական ժամանակով երեկոյան ժամը 7-ին բանակի գլխավոր հրամանատարությունը նախագահ Մուրսիին ասել է, որ նա այլևս նախագահ չէ»։

Այսօր ավելի վաղ բանակը գրավել էր Կահիրեի առանցքային շրջանները և շրջապատել էր Մուրսիի աջակիցներին։

Մինչ այդ բանակը նախագահին երկօրյա ժամկետով վերջնագիր էր ներկայացրել՝ պահանջելով ելք գտնել ստեղծված իրավիճակից և կարգավորել երկրի քաղաքական ճգնաժամը, սպառնալով հակառակ դեպքում իր վրա վերցնել այդ խնդրի լուծումը։

Եգիպտոսում նախագահ Մուրսիի իսլամիստ աջակիցների և քաղաքական ընդդիմության միջև անցած շաբաթներին տեղի ունեցած բախումներում տասնյակ մարդիկ են զոհվել։

Կահիրեից ստացված հաղորդագրությունների համաձայն, զինվորականները առաջարկում եմ կազմել ժամանակավոր կառավարություն, որի կազմում հիմնականում կլինեն քաղաքացիական գործիչներ։

Սահմանադրությունը ժամանակավորապես ուժի մեջ չի լինի, խորհրդարանը կլուծարվի։ Նոր կառավարության աշխատանքի շրջանում պետք է մշակվի նոր Սահմանադրություն, ինչից հետո Եգիպտոսում կնշանակվեն խորհրդարանական և նախագահական նոր ընտրություններ։

Այս ընթացքում նախագահի պաշտոնակատար Մանսուրը երկիրը ղեկավարելու է «սահմանադրական հրամանագրերով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG