Մատչելիության հղումներ

Նախարարները պարզաբանումներ են տալիս ՎՊ-ի հաշվետվության կապակցությամբ


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության կապակցությամբ պարզաբանումներով հանդես եկան Արտեմ Ասատրյանն ու Արմեն Երիցյանը:

Ըստ ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» և «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» ծրագրերի շրջանակներում 5 գիշերօթիկների և 3 տուն-ինտերնատ հաստատությունների կողմից իրականացված գնումների գործընթացի ստուգմամբ արձանագրվել են «Գնումների մասին» օրենքի բազմաթիվ և բազմաբնույթ կոպիտ խախտումներ: Մասնավորապես, հաղթող են ճանաչվել մասնակիցներ, որոնք նույնիսկ իրավունք չունեին մասնակցելու հայտարարված մրցույթներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի պարզաբանմամբ, արձանագրվել են ընթացակարգային խախտումներ, որոնց հետ նախարարությունը համաձայն է:

Նա ներկայացրեց 2013 թվականի առաջին եռամսյակին իրականացված գնումների արդյունքները․ - «Շուրջ մեկ միլիարդ դրամի գնումներ են կատարվել, որի արդյունքում մենք նաեւ ունեցել ենք շուրջ 150 միլիոն դրամի խնայողություն: Այսինքն, այստեղ ես կարող եմ արձանագրել, որ գործընթացը մեր համակարգի պետական ոչ առեւտրային կազմակերպություններում հստակ կանոնակարգվել է»:

Ինչ վերաբերում է գիշերօթիկներում և տուն-ինտերնատներում խնամքի տրամադրմանը կամ երեխաների ընդունման օրինականությանն առչվող՝ Վերահսկիչ պալատի կողմից արձանագրած խախտումներին ու թերություններին, ապա նախարարը պարզաբանեց․ - «Այստեղ արձանագրվել են որոշակի թերացումներ, որոնք մեր կարծիքով, օրենսդրական խնդիրներ են, որոնք տարընթերցումների, տարըմբռնումների տեղիք են տալիս: Այս առումով նաև արդեն Կառավարության որոշման համապատասխան նախագծեր ենք պատրաստել, որպեսզի այդ խնդիրները ստանան օրենսդրական լուծումներ»:

Ըստ նախարարի, թեև արձանագրված խախտումներն ու թերությունները չեն առաջացրել ֆինանսական հետևանքներ, այդուհանդերձ, գնումների գործընթացները կազմակերպած անձինք ենթարկվել են պատասխանատվության տարբեր միջոցների:

Վերահսկիչ պալատն իրականացրել է նաև կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացների օրինականության և արդյունավետության վերահսկողությունը: Այս կապակցությամբ նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, որ այդ ստուգումներն իրականացվում են դեռևս 2010 թվականից․ - «Կենսաթոշակային ոլորտին պետական բյուջեից հատկացվող միջոցները շուրջ 200 միլիարդ դրամ է: Հաշվետվությամբ արձանագրվել է, որ այդ առումով այն բոլոր խնդիրները, որոնք առաջացել էին, կային, այդ խնդիրներին տրվել են լուծումներ նոր տեղեկատվական շտեմարանով, եւ այդ գործընթացը դեռ շարունակվում է»:

Նախարարի պարզաբանումը նպաստների վճարման գործընթացի օրինականության և արդյունավետության վերաբերյալ․ - «Նմանատիպ գործընթաց իրականացվում է նպաստների նշանակման առումով՝ տեղեկատվական շտեմարանների արդիականացում»:

Նախարարը վստահեցրեց, թե բոլոր ռիսկերն ու խնդիրները, որոնց մասին բազմիցս նշվել է, այսօր հասցվել են նվազագույնի․ - «Այսինքն, մենք ունենք մի իրավիճակ, երբ ցանկացած փոփոխություն, ցանկացած գործողություն կենսաթոշակների հետ կապված արձանագրվում է տեղեկատվական շտեմարանում, եւ երբեւէ խնդիր առաջանալու պարագայում կա հստակ դրա պատասխանատուն»:

Արձագանքելով բյուջետային միջոցների առնչվող Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի օրերս արած գնահատականին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ասաց, թե, բնականաբար, համաձայն չէ, թե «պետական բյուջեի միջոցները լափվում են»:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան
Արտակարգ իրավիճակների նախարարության մասով Վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել 5 կետով: Բոլորի մասով էլ նախարար Արմեն Երիցյանը տվեց իրենց պարզաբանումները՝ ասելով, որ շարունակելու են աշխատել բոլոր գերատեսչությունների ու Վերահսկիչ պալատի հետ:

Ըստ նախարարի, իր ղեկավաարած գերատեսչությունում թերացողները ենթարկվում են պատասխանատվության, իսկ լավ աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն:

Նախարարների ասուլիսներից հետո Վերահսկիչ պալատի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե՝ արդյո՞ք իրենց գոհացրեցին արդյոք նախարարների պարզաբանումները, արձագանքեց․ - «Նախարարները դեռ ամիսներ առաջ մեր հաշվետվություններին պատասխանել են, որ առարկություններ չունեն՝ բացառությամբ դատաիրավական ԾԻԳ-ի, որի առնչությամբ, ինչպես գիտեք, գործ է հարուցվել»:

Առաջիկա օրերին Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ տարբեր գերատեսչությունների պարզաբանումները շարունակվելու են:
XS
SM
MD
LG