Մատչելիության հղումներ

Հուլիսի 3-ի մամուլ


«ժամանակ» օրաթերթը մեկնաբանում է նախօրեին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի այն արձանագրումը, թե «ԱՄՆ թիվ մեկ գերակայությունը Հայաստանի հետ աշխատանքում դա տնտեսական հարաբերությունների խորացումն է»: Թերթն այս կապակցությամբ գրում է․ - «Կարծես թե կար ժամանակ, երբ ԱՄՆ համար Հայաստանի հետ համագործակցության թիվ մեկ գերակայություն համարվում էին մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, քաղաքացիական ազատությունները: Բայց փաստորեն Ամերիկան փոխել է գերակայությունների հաջորդականությունը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցում Հայաստանը սկսել է գոհացնել ԱՄՆ-ին, և այս իսկ պատճառով դրանք դադարել են լինել թիվ մեկ գերակայություն: Ֆորմալ տեսանկյունից միգուցե այդպես էլ կա` նկատի առնելով ԱՄՆ իշխանությունների արձագանքները հայաստանյան ընտրություններին: Սակայն սա միայն ֆորմալ առումով, որովհետև իրականում պարզ է, որ Հայաստանում մարդու իրավունքների, ազատությունների և ժողովրդավարության հարցում եթե առաջընթաց կա, ապա այն զուտ կոսմետիկ բնույթ ունի և չի պարունակում հիմնարար կոմպոնենտներ: Եվ ուրեմն` ինչո՞ւ է Ամերիկան փոխել իր գերակայությունների հաջորդականությունը և թիվ մեկը դիտարկում է տնտեսական կապերի խորացումը: Պատճառները ամենայն հավանականությամբ պետք փնտրել խորքում»:

«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ Վերահսկիչ պալատի զեկույցից հետո բավական լուրջ ու հիմնավոր վերլուծություններ էին արվում, որոնց համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունն արդեն լուծված խնդիր է, և ժամանակի հարց է, թե երբ կլինի պաշտոնանկությունը: «Սերժ Սարգսյանի՝ հուլիսի երկուսին հրավիրած խորհրդակցությունից հետո, սակայն, պարզ դարձավ, որ Տիգրան Սարգսյանի հետ կապված Սերժ Սարգսյանը բոլորովին այլ ծրագրեր ունի և դրանց մեջ վարչապետի հրաժարականը ընդհանրապես չի տեղավորվում: Սերժ Սարգսյանն այդ խորհրդակցության ժամանակ ակնհայտորեն իր թևի տակ առավ Տիգրան Սարգսյանին և ցույց տվեց, որ նրան պաշտոնանկություն չի սպառնում անկախ նրանից, թե որքանով էին Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ բերված փաստերը իրական կամ «հեքիաթային»: Սրանով պետք է արձանագրել, որ ներկայացման կուլմինացիան արդեն անցել է և հիմա այդ պատմությունը գնում է դանդաղ մարման», - գրում է թերթը:

Թեման շարունակում է «Օրակարգ»-ը՝ գրելով․ - «Հունիսի 29-ին նախագահականում հրավիրված քննարկմանը Սերժ Սարգսյանը, չանդրադառնալով օֆշորային սկանդալին, ըստ էության փորձ արեց ազդակներ հղել քաղաքական դաշտին, որ այդ թեման փակված է, և ամենևին էլ նպատակ չունի թափանցիկ իրավական գործընթացների միջոցով արդարության հասնելու: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը հատկապես «խոշոր ձկների» պարագայում գործում է բացառապես Սերժ Սարգսյանի հրահանգներով, կարելի է ասել, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այդպիսով մեսիջ ստացավ, որ վարչապետի և Կճոյանի օֆշորային գործը հարկավոր է մոռացության մատնել»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի վերջին ելույթին հաջորդած զարգացումներին է անդրադառնում ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետո գնահատականներ հնչեցին, թե իշխանական վերնախավում ինտրիգային իրավիճակ է, թևերի դիրքավորում է տեղի ունենում, աղմկոտ իրադարձություններ կան առջևում։ Սրանք ենթադրություննե՞ր են, թե այնուամենայնիվ, ինչ-որ խմորումներ են տեղի ունենում»․ լրագրողի այս հարցին Սահակյանը պատասխանում է․ - «Մեզանում յուրաքանչյուր գործընթացից հետո շրջանառվում են տարբեր բնույթի մեկնաբանություններ, ու մարդիկ սկսում են իրենց մտքի «փնտրտուքը» երևակայության դաշտում՝ խոսելով մտացածին բաներից: Իսկ իրողությունը սա է. դեռ 2012-ի սեպտեմբերի 15-ին հանրապետության նախագահն ասաց, թե ամեն ինչ պետք է որոշվի արդյունքներով, և բոլորին պարզ դարձավ, որ նախագահը կատարված աշխատանքը ձեռքբերված արդյունքներով է գնահատելու: Եվ դա ճիշտ մոտեցում է: Իսկ ամենամեծ արդյունավետությունը գրանցվում է այն ժամանակ, երբ իշխանական համակարգը բաց ու թափանցիկ է գործում՝ ամեն ինչ ներկայացնելով հասարակության դատին: Իշխանությունն այսօր այդ գործելաոճն է որդեգրել: Այդ իմաստով Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ ծավալված քննարկումները չինովնիկական դասի համար պրոֆիլակտիկ ներգործություն ունեցան: Ինչ վերաբերում է իշխանական վերնախավում առկա ինտրիգներին, երբ իշխանական մի թևը փորձում է մյուսին ինչ-որ բան ապացուցել, ապա մեր նպատակն է ձերբազատվել նման երևույթներից: Իսկ դա հնարավոր է գործընթացները բաց քննարկումների դաշտ մղելով: Ամեն մի քայլը պետք է կատարվի հանրության աչքի առաջ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG