Մատչելիության հղումներ

Հուլիսի 2-ի մամուլ


Մամուլը շարունակում է քննարկել Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթը:

«168 ժամ-ը գրում է․ - «Սերժ Սարգսյանի ելույթն արդեն իսկ արժանացել է ամենատարբեր գնահատականների ու որակումների, որոնց միավորողն այն է, որ տեղի ունեցածն իշխանության կողմից բեմականացված հերթական շոուն էր: Սերժ Սարգսյանին պետք էր, որպեսզի այդ քննարկման ընթացքում հնչեին այն գնահատականները, որոնք հնչեցին: Հետևաբար՝ կամ Ս. Սարգսյանն ինքն էր հրահանգել ՎՊ-ի հաշվետվության ու ներկայացման շուրջ այդպիսի աղմուկ կազմակերպել, կամ տեղեկացված լինլով հաշվետվության մանրամասներին, ԱԺ-ում դրա ներկայացման մեկնարկից հետո դիտորդի կարգավիճակով հետևել էր կրքերի շիկացմանը: «Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են»: Կենցաղային մակարդակում շատ հաճախ մեջբերվող այս արտահայտությունն իրականում նաև իշխանական համակարգի գործունեության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկն է: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է հավատալ, որ Ս. Սարգսյանը կարող էր տեղեկացված չլինել Իշխան Զաքարյանի կողմից հրապարակվելիք հաշվետվության բովանդակությանը: Հայաստանի իշխանական հիերարխիան գրեթե բացառում է նման հնարավորությունը: Նույն կերպ՝ ծիծաղելի կլինի անգամ մտածել, որ Ս. Սարգսյանը չէր կարող հենց սկզբից կանխել ՎՊ հաշվետվության սկանդալային ընթացքը: Դրա համար բավական կլիներ մեկ հեռախոսազանգ Հովիկ Աբրահամյանին կամ նույնիսկ Գալուստ Սահակյանին: Բայց նա չի դիմել այդ՝ «կանխարգելիչ» քայլերին, ինչ նշանակում է, որ իրադարձությունների «շիկացումը» պետք էր իշխանությանը՝ հերթական շոուն բեմադրելու համար»:

Նույն ելույթին եւ նախագահի մոտ կայացած քննարկմանն է անդրադառնում նաեւ «Հայոց Աշխարհ»-ը․ - «Սկզբունքորեն սպասելի էր, որ վերը նշված իրավիճակի հետագա ընթացքը պետք է հանգեր նման մի քննարկման, մի միջանկյալ ամփոփման՝ տրամաբանորեն ենթադրելի հաջորդող հանգուցալուծմամբ, որը, հուսանք չի ուշանա։ Համենայն դեպս Կառավարություն-Վերահսկիչ պալատ-Դատախազություն շղթայում հարաբերությունների ու այդ հարաբերությունների ընթացքում դրսևորած գործելակերպի, շղթայի օղակներից յուրաքանչյուրի անելիքների առումով նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձերը, գնահատականներն ու հանձնարարականները տեղին էին, նաև անհրաժեշտ։ Այլապես ավելի էր խորանում ընկալումը, որ պետական համակարգում, տարբեր ու առանձին գործող ինստիտուտներ ձգտում են որքան հնարավոր է՝ յուրաքանչյուրն իր կողմը քաշել վերմակը։ Հանրագումարում անհարմար կացության մեջ էր հայտնվում պետական կառավարման ամբողջ համակարգը»։

«Ժամանակ» օրաթերթի խմբագրականում կարդում ենք․ - «Սերժ Սարգսյանը պահանջել էր Աղվան Հովսեփյանից արձագանքել բյուջեի թալանի մասին տեղեկություններին, ոչ թե սպասել պաշտոնական դիմումների: Եվ ահա, դատախազությունն արձագանքում է: Այսինքն` արձագանքում է Սերժ Սարգսյանի դիտողությունից հետո: Մի կողմ թողնենք այս իրողության ներքին քաղաքական, իշխանական անցքերը, որոնք, իհարկե, կանխորոշելու են դատախազության արձագանքի սկզբունքայնությունը, հետևողականությունն ու շարունակականությունը: Այստեղ արձանագրենք մեկ այլ կարևոր բան՝ դատախազությունն իր անելիքն անում է նախագահական խորհրդակցությունից, Սերժ Սարգսյանի ցուցումներից հետո: Այսինքն` դատախազության համար Սերժ Սարգսյանի խորհրդակցությունները փոխարինում են Սահմանադրությանը: Բանն այն է, որ այն, ինչ դատախազությունն անում է Սարգսյանի ցուցումներից հետո, պետք է աներ ՎՊ հաշվետվության մասին մամուլի հրապարակումներից կամ ԱԺ-ում Իշխան Զաքարյանի ելույթից անմիջապես հետո: Թե ինչպես կաներ` կարդարացներ կամ կմեղադրեր մեղավորներին, դա այլ հարց է, բայց արձագանքը պետք է հետևեր ըստ Սահմանադրությամբ և օրենքներով այդ կառույցին վերապահված իրավասությունների և պարտականությունների: Սակայն Սահմանադրությունն ու օրենքները ոչինչ են, Սերժ Սարգսյանի խորհրդակցությունն ու դիտողությունները՝ ամեն ինչ»:

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է․ - «Հունիսի 30-ին՝ կիրակի օրով «ՀասՌուսգազարդ»-ը Երևանում բաժնետերերի ընդհանուր ժողով է անցկացրել և հաստատել ու հրապարակել է 2012 թվականի գործունեության հաշվետվությունը: Եվ ահա այս հաշվետվության մեջ փոքրիկ, առաջին հայացքից աննշան մի տեղեկատվություն կա: Ըստ այդմ՝ 2012 թվականին «ՀայՌուսգազարդ»-ի վնասը կազմել է 66 միլիարդ դրամ: Իսկ այս ցուցանիշի հետևում թաքնված է իշխանության ստախոսության ապացույցը: Եվ ուրեմն, որն է խնդիրը: Վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ»-ը վնասներով է աշխատել: Օրինակ, 2010 թվականին այդ ընկերության վնասը կազմել է 11 միլիարդ դրամ, 2011 թվականին՝ 15.4 միլիարդ ու հանկարծ պարզվում է, որ 2012 թվականին վնասը կազմել է 66 միլիարդ։ Այդ ի՞նչ պատահեց Հայաստանի գազամատակարարման մոնոպոլիստին: Այդ ի՞նչ պատճառով «ՀայՌուսգազարդ»-ի վնասներն այդքան մեծացան՝ միանգամից 5-6 անգամ»: «Իսկ պատճառը շատ պարզ է: Ողջ 2012 թվականի ընթացքում «ՀայՌուսգազարդ»-ը Ռուսաստանից ստացել է ավելի թանկ գազ, բայց ներքին սպառման գազի սակագինը մնացել է անփոփոխ», - պարզաբանում է թերթի մեկնաբանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG