Մատչելիության հղումներ

«Շախտյոր»-ը Մխիթարյանին կոչ է անում վերադառնալ Դոնեցկ


Հենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան

«Շախտյոր»-ի մարզչի կարծիքով՝ հայ ֆուտբոլիստը մեծ սխալ է գործում:

Դոնեցկի «Շախտյոր»-ի ղեկավարությունը կոչ է անում Հենրիկ Մխիթարյանին վերադառնալ թիմ և մասնակցել ռուս - ուկրաինական միասնական մրցաշարի խաղերին, մինչև կավարտվեն նրա` այլ թիմ տեղափոխվելու հարցի շուրջ ընթացող բանակցությունները: Երեկ երեկոյան «Սպարտակ» - «Շախտյոր» հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ ռումինացի Միրչա Լուչեսկուն:

«Դա իհարկե նրա որոշումն է և նրա ցանկությունը, սակայն ես կարծում եմ, որ Մխիթարյանը մեծ սխալ է գործում: Հենրիկը խաղում է մի թիմում, որն ամեն տարի պայքարում է չեմպիոնության, գավաթի, Չեմպիոնների լիգայի համար: Նա պետք է գնահատեր այդ հանգամանքը: Ողջ թիմն էր օգնում Մխիթարյանին, որպեսզի նա հաճախակի հայտնվի մրցակցի տուգանային հրապարակում և գոլ խփի», - հայտարարեց Լուչեսկուն` պնդելով անգամ, թե Մխիթարյանին երբեմն հնարավորություն է տրվել մարզադաշտ դուրս գալ վնասվածքով: «Դրանով ես ցանկանում էի օգնել Մխիթարյանին, որպեսզի նա դառնա առաջնության լավագույն ռմբարկուն», - ասաց Լուչեսկուն:

«Ես կարծում եմ, որ Մխիթարյանը պետք է շատ լավ մտածի: Ժամանակ դեռ կա: Ես նրան կոչ են անում վերադառնալ թիմ և շարունակել աշխատանքը: Սա իր թիմն է, և որևէ խնդիր նրա և թիմի ղեկավարության կամ մյուս խաղացողների միջև գոյություն չունի: Նրան բոլորն օգնում էին, գուցե նույնիսկ ավելի շատ, քան մյուս խաղացողներին: Մյուս կողմից, եթե նա ցանկանում է տեղափոխվել այնպիսի մի թիմ, որն իր մակարդակով գերազանցում է «Շախտյոր»-ին, ասենք՝ Մյունխենի «Բավարիա», «Բարսելոնա» կամ Մադրիդի «Ռեալ», ես դա կհասկանամ: Մյուս բոլոր թիմերը նույն մակարդակին են, ինչ «Շախտյոր»-ը», - հայտարարեց Լուչեսկուն` կանխատեսելով նաև, որ «նոր թիմում խաղի կազմակերպման նոր ձևի պարագայում Մխիթարյանի այն որակները, որ նա ցուցադրում էր «Շախտյոր»-ում, կարող են պարզապես անհետանալ»:

Նշենք նաև, որ «Շախտյոր»-ի ղեկավարության և Մխիթարյանի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ Հայաստանի հավաքականի առաջատարը չներկայացավ հունիսի 23-ին Ավստրիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքին, հետագայում նաև խուսափելով ռուս - ուկրաինական միասնական մրցաշարին մասնակցությունից:

Այս ֆոնին Մխիթարյանի` այլ ակումբ տեղափոխվելու շուրջ բանակցությունները շարունակվում են:

Բրիտանական Independent հեղինակավոր պարբերականը շաբաթ օրը գրել է․ - «Ըստ ամենայնի, խիստ մեծ պահանջարկ վայելող Հենրիկ Միթարյանը կհիասթափեցնի թե՛ «Լիվերպուլ»-ին և թե՛ լոնդոնյան «Թոթենհեմ Հոթսփուր»-ին: Հավանական է, որ նա ի վերջո համալրի Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG