Մատչելիության հղումներ

Ղարաբաղի արտգործնախարարը` խորհրդարանականների քննադատության թիրախ


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, ապրիլ, 2013թ.
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, ապրիլ, 2013թ.

Կարեն Միրզոյանը, մինչդեռ, խորհուրդ է տալիս France 24-ին իր հարցազրույցի մասին դատողություններ անելիս ընկալել այն «ընդհանրության մեջ, այլ ոչ թե հատվածաբար»:

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը անգլերեն լեզվով հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը, որի ընթացքում ի պատասխան լրագրողի այն հարցի, թե կա՞ արդյոք հեռանկար, որ Ղարաբաղը մեկ անգամ եւս լինի Ադրբեջանի կազմում, ասել է` «այո, հեռանկարներ կան»:

Հարցազրույցի շուրջ լուրջ դժգոհություններն այժմ տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որտեղ պատգամավոր Վահան Բադասյանը հնչեցրեց նախարարի հրաժարականի պահանջ:

«Ես կարծում եմ, որ նա խախտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը` իր տեսակետները եւ նախարարության տեսակետները հայտնելու ժամանակ, ուստի պահանջում եմ նրա հրաժարականը», - հայտարարեց պատգամավորը:

Կարեն Միրզոյանի հայտարարության շուրջ ավելի վաղ մտահոգություն էր հայտնել ՀՅ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեն` հայտարարության տեսքով, եւ խորհրդարանում էլ Դաշնակցություն խմբակցությունը հարց ուղղեց արտգործնախարարին:

Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հիշեցրեց, որ արտգործնախարարը իր հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ հայտնել է այլ տեսակետներ` «մասնավորապես, Սահմանադրությամբ ամրագրված ազատագրված տարածքները անվանելով բուֆերային գոտի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցի շուրջ ինչ-որ անորոշ հույսեր կապելով»:

«Ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ դիվանագետ հանդիսացող արտաքին գործերի նախարարը մի քանի օրվա ընթացքում արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտել, որը, մեր կարծիքով, կապված չէ ոչ անգլերեն լեզվի իմացության, ոչ էլ եթերային ժամանակի սղության հետ, եւ ո՞րն է այդ հարցազրույցում արտահայտված տեսակետների տարբերության իրական պատճառը», - հայտարարեց Սարգսյանը:

Ի պատասխան, արտգործնախարարը ափսոսանք հայտնեց, որ իր հարցազրույցը զանազան մեկնաբանությունների եւ կարծիքների տեղի է տվել, միաժամանակ վստահեցնելով, որ իր մտքերն ու գաղափարները չեն հակասում Լեռնային Ղարաբաղի որդեգրած արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին ու նպատակներին:

«Ընդունելով հանդերձ իմ մեղքի չափաբաժինը` այն տեխնիկական վրիպումի համար, որը պայմանավորված էր եղել, նախ եւ առաջ, ուղիղ եթերում հարցազրույցի անցկացման առանձնահատկություններով, կխնդրեի, միաժամանակ, հարցազրույցի մասին դատողություններ անելիս ընկալել այն ընդհանրության մեջ, այլ ոչ թե հատվածաբար», - հայտարարեց Կարեն Միրզոյանը:

«Այդ պարագայում, կարծում եմ, դժվար չէ նկատել, որ հիմնական շեշտը դրվել է այն մտքի վրա, որ խաղաղության հասնելու բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն երկու անկախ պետությունների, այն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության ապահովման վրա», - ընդգծեց Ղարաբաղի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG