Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը հանդիպեց ԵԽԽՎ եւ ՄԻԵԴ նախագահներին


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Ստրասբուրգում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան Կլոդ Մինյոնի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Դին Շպիլմանի հետ:

Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ-ի նախագահը կարեւորել է ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հայտարարած առաջնահերթությունները եւ օրակարգը:

Աբրահամյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալից իրադարձություն է երկրի համար: Նրա խոսքով` Հայաստանը մեծապես կարեւորում եւ բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ աջակցությունը երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Ազգային ժողովի նախագահը կարեւոր է համարել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽԽՎ-ի դերակատարությունը, մասնավորապես Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցին` վերահաստատելով հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո:

ՄԻԵԴ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի նախագահությունը կշարունակի Եվրոպայի խորհրդի նախորդ նախագահությունների ջանքերը` ուղղված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելուն:

Նա անդրադարձել է նաեւ Հայաստանին վերաբերող գործերին:

Խոսելով Եվրոպական դատարանի վարույթում գտնվող Սաֆարովի գործից` Հովիկ Աբրահամյանը ասել է, որ այն ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ միջազգային հանրության խնդիրն է: «Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպական դատարանը նշված հարցին կանդրադառնա զուտ իրավական տեսանկյունից եւ կտա համարժեք իրավական գնահատական, ինչը կարեւոր նշանակություն կունենա նման անընդունելի արարքների վճռական կանխարգելման համար», - հայտարարել է Ազգային ժողովի նախագահը:

Դին Շպիլմանը հայտնել է, որ առաջիկայում առաջին անգամ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ազգային ժողովում կայանալիք միջազգային համաժողովին: Նա բարձր է գնահատել հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրոպական դատարանում եւ հույս հայտնել, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի:

ՄԻԵԴ-ի նախագահը անդրադարձել նաեւ Հայաստանին վերաբերող գործերին` նշելով, որ դրանք տարբեր աստիճանի բարդություն ունեն, սակայն մեծ թիվ չեն կազմում, փոխանցում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը ասել է, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի, եւ դատարանի գնահատականը միանշանակ կլինի իրավական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG