Մատչելիության հղումներ

ՀՀ փոխարտգործնախարար. «Բանակցությունները գնում են երկու ուղղությամբ»


ՀՀ փոխարտգործնախարար. «Բանակցությունները գնում են երկու ուղղությամբ»
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00

«Համագործակցության շուրջ բանակցությունները գնում են երկու ուղղությամբ էլ` ե'ւ Ռուսաստանի հետ, ե'ւ Արեւմուտքի հետ», - հայտարարեց Շավարշ Քոչարյանը:

Լեհաստանի եւ Հայաստանի նախագահների` երեկ տեղի ունեցած համատեղ ասուլիսին Լեհաստանի ղեկավար Բրոնիսլավ Կոմարովսկին, հակադարձելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանն իր գործունեությունը կառուցում է ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքի վրա` ասել էր, որ թեեւ ընբռնումով է մոտենում Ռուսաստանի հետ լավագույն հարաբերություններ զարգացնելու՝ Հայաստանի ձգտմանը, սակայն «անհնար է միաժամանակ գործել երկու տարբեր տնտեսական տարածքներում»:

«Լեհաստանն ուրախությամբ կաջակցի Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկներին, բայց պետք է նաեւ ընդգծել, որ անհնարին է միաժամանակ լինել երկու տնտեսական տարածքներում: Հարկավոր է ընտրություն կատարել: Մենք լիովին հասկանում ու պաշտպանում ենք Հայաստանի ջանքերը Ռուսաստանի հետ առավել սերտ տնտեսական կապեր կառուցելու ուղղությամբ, մենք նույնպես ձգտում ենք լավագույն հարաբերություններն ունենալ Ռուսաստանի պես լուրջ գործընկերոջ ու հարեւանի հետ, սակայն մենք գիտենք, թե որ տարածքին ենք պատկանում», - ըստ Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության, ասել է Կոմարովսկին:

Հայաստանի նախագահը, հիշեցնենք, իր խոսքում մեծապես կարեւորելով Ռուսաստանի հետ հարաբերությունները, ընդգծել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներ եւ ունեն ինչպես շատ ընդլայնված տեխնիկական, այնպես էլ խորը տնտեսական հարաբերություններ:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, այսօր մեկնաբանելով Լեհաստանի նախագահի վերոհիշյալ հայտարարությունը, ասաց. - «Եվ-եւ չկա, եթե խոսքը վերաբերում է Եվրամիությանն անդամակցությանը: Հայաստանը երբեք նպատակ չի դրել անդամակցել Եվրամիությանը: Այն փաստաթղթերում, որոնք բանակցվում են, չկա եվրոպական այդ հեռանկարի մասին, խոսքը վերաբերում է միայն ներդաշնակեցմանը: Դա էական տարբերություն է»:

«Անդամակցությունը Մաքսային միությանը թույլ չի տալիս արդեն Եվրոպական միության Ազատ առեւտրի գոտու անդամ լինել, որովհետեւ դու քո լիազորությունների մի մասը տալիս ես վերազգային մարմնին», - շարունակեց նա` հավելելով. - «Այդ դեպքերում կա հակասություն: Դրա համար պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ: Քանի դեռ կառույցների անդամակցության խնդիրը չի դրված, որեւէ հակասություն չկա միաժամանակ լինել ե'ւ Ազատ առեւտրի գոտու անդամ եվրոպական ուղղությամբ, ե'ւ նույնը իրականացնել Եվրասիական միության հետ: Բանակցությունները գնում են երկու ուղղությամբ էլ` ե'ւ Ռուսաստանի հետ, ե'ւ Արեւմուտքի հետ»:

Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը Լեհաստանի նախագահի հայտարարության մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հետեւյալը. - «Արեւմուտքում կա որոշակի մտահոգություն, որ նախկին Խորհրդային Միության տարածքում կա միտում ձեւավորելու նոր կայսրություն, որը հակադրված է լինելու արեւմտյան քաղաքակրթությանը: Եվ սրանով Արեւմուտքը փորձում է հասկացնել Հայաստանին, որ իրականում կա'մ պետք է լինեք արեւմտյան քաղաքակրթության շրջանակներում, կա'մ մտնելու եք այնպիսի մի տարածք, որը հակադրված է լինելու Արեւմուտքին»:
XS
SM
MD
LG