Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Զինդատախազը շտապել է իր մեկնաբանությունում


Հայաստան -- Սուրիկ Խաչատրյանի տունը Գորիսում, 4-ը հունիսի, 2013թ․
Հայաստան -- Սուրիկ Խաչատրյանի տունը Գորիսում, 4-ը հունիսի, 2013թ․
Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը երեկ երեկոյան հետաձգել է Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու պահանջի վերաբերյալ որոշման կայացումը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո Արտակ Բուդաղյանը հրազենային ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ նրա եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, սպանվել էր։ Սպանված Ավետիք Բուդաղյանը քրեական գործով արդեն իսկ ճանաչվել է տուժող։

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու որոշումը հետաձգվել է պատճառաբանությամբ, թե մի շարք քննչական գործողություններ պետք է կատարվեն։

Պատասխանելով մեր հարցին, այդ հետաձգումը արդյոք չի՞ նշանակում, որ նախաքննական մարմինը ցանկություն ունի Արտակ Բուդաղյանին մեղադրանք ներկայացնել, փաստաբանը համոզմունք հայտնեց, որ գործի հանգամանքները այնպիսին չեն, որ նա ներգրավվի որեւէ այլ կարգավիճակով, քան տուժողի։

Ինչ վերաբերում է զինդատախազի այն հայտարարություններին, թե նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ զինված հարձակում է եղել, ապա, փաստաբանի փոխանցմամբ, Գեւորգ Կոստանյանը միակողմանի հայտարարություններ է արել․ - «Զինդատախազը հայտարարեց այն ժամանակ, երբ ինքը գործի մասին գիտեր այնքան, ինչքան մեզանից յուրաքանչյուրը։ Դրա համար այդպիսի հայտարարությունները, ինչպես զուրկ էին որեւէ փաստական հիմքերից այդ պահին, այնպես էլ տրամաբանորեն կոռեկտ չէին։ Հուսով եմ, որ զինդատախազը որոշ շտկումներ կմտցնի իր դիրքորոշման մեջ, եւ եթե դա տեղի չունենա, մենք համապատասխան դատավարական գործողություններ կան, որոնք կկատարենք, այդ թվում նաեւ բացարկ հայտնելը զինդատախազին»։

Փատաբանը հավելեց, որ քրեական գործի նյութերի այն ծավալը, որն իրեն հայտնի է, հիմք են տալիս ասելու, որ զինդատախազը «հաստատ» շտապել է իր մեկնաբանություններով։

«Հանրությանը ե՛ւ զինդատախազի կողմից, ե՛ւ նաեւ նախկին մարզպետի կողմնակիցների կողմից ներկայացվել է մի պատկեր, որ երկու եղբայրները զինված եկան եւ հարձակվեցին նրանց տան վրա։ Մյուս կողմից որեւիցե բացատրություն չի տրվել դեպքերի հետ կապված։ Ինչո՞ւ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Ալումյանը պատասխանեց․ - «Ով որ արդարանալու կարիք ունի, ինքն էլ առաջ է ընկնում, ինչ-որ բացատրություններ է սկսում հրապարակել։ Ես կարծում եմ՝ Բուդաղյանների զուսպ կեցվածքը պայմանավորված է նրանով, որ իրենք արդարանալու բան չունեն։ Իրենք այսօր մեղադրողի դիրքերից են խոսում, իրենք մեղադրելու են մինչեւ վերջ օրենքի սահմաններում եւ շատ հետեւողական»։

Փաստաբանը հրաժարվեց մեկնաբանել երկու եղբայրների՝ Սուրիկ Խաչատրյանի տուն գնալու փաստը, նշելով, որ դա նախաքննական գաղտնիքին կարող է վնասել։

Չնայած փաստաբանի համոզմամբ, գործի հանգամանքներն այնպիսին չեն, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրվի, սակայն Հայկ Ալումյանն ընդգծեց, որ իմանալով ընդհանրապես նախաքննության որակը, դրան գումարելով մյուս կողմի հետ կապված հանգամանքները, հաշվի առնելով նաեւ զինդատախազության միակողմանի մոտեցումները, իրենք չեն կարող մտավախություն չունենալ։

«Բայց, այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ անարդարությունը չի հասնի այն աստիճանին, որ ակնհայտը քողարկվի, սեւը անվանվի սպիտակ, իսկ սպիտակը սեւ։ Մենք հուսով ենք, որ, այնուամենայնիվ, օրինական ճանապարհով կհասնենք օրինականությունների», ֊ նշեց փաստաբանը։

Այսպիսով, նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից գրեթե մեկ ամիս հետո Բուդաղյանները իրենց փաստաբանի շուրթերով հայտարարում են, որ կատարվածը այնպես չի եղել, ինչպես ներկայացնում են զինդատախազ Գեւորգ Կոստանյանն ու նախկին մարզպետը։ Ավելին, փաստաբանի համոզմամբ, Բուդաղյաններն անմեղ են։

Գլխավոր հարցը, որի պատասխանը դեռ չեն տվել կողմերից եւ ոչ մեկը, շարունակում է մնալ այն, թե ո՞րն է եղել արյունալի միջադեպի պատճառը եւ ինչ ներգրավվածություն ունի այդ ամենում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

Նշենք, որ առայսօր զինվորական հոսպիտալում գտնվող Արտակ Բուդաղյանը հրաժարվում է խոսել լրագրողների հետ։ Մենք այսօր այցելեցինք հիվանդանոց, սակայն նրա հիվանդասենյակը հսկող ռազմական ոստիկանության ներկայացուցիչները փոխանցեցին, որ Արտակը չի ցանկանում անգամ տեսնել որեւէ լրագրողի։

Ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, ապա Բուդաղյանին բուժող բժիշկը՝ Սեւակ Շահբազյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ զորամասի հրամանատարի վիճակը բավարար է եւ ամենայն հավանականությամբ այս շաբաթ նա դուրս կգրվի հիվանդանոցից։ Բժշկի փոխանցմամբ, Արտակ Բուդաղյանը ցանկություն ունի վերադառնալ զինծառայության։

«Անընդհատ ինքը իր կողմից նշում է, որ լավանա կվերադառնա իր ծառայությանը։ Այդ մասին անընդհատ էլ խոսում է՝ երբ է կարգավորվելու, երբ է իրավիճակը թույլ տալու, որ վերադառնա իր ծառայությանը», ֊ պատմեց բժիշկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG