Մատչելիության հղումներ

Սահակյան. «ՀայՌուսգազարդ»-ի բաժնեմասի զիջումը թույլ կտա 5 տարի չվերանայել գազի սակագինը


ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան
Առաջիկա հինգ տարիներին գազի գինը չի բարձրանա, եթե Հայաստանը «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած իր վերջին 20 տոկոս բաժնեմասը զիջի «Գազպրոմ»-ին, ռուսական կողմի հետ Հայաստանի կառավարության վարած բանակցությունների վերաբերյալ նման բացահայտում արեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Դա էլ տանք, որպեսզի պայմանագրում լինի, որ առաջիկա հինգ տարիներին էլի փոփոխություններ չեն լինի», - երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սահակյանը:

«Ռազմավարական դաշնակից չի նշանակում, որ իրենց պետական կարիքների հաշվին պիտի մի այլ պետության, կոնկրետ` Հայաստանին, ինչ-որ մի բան անել: Ռազմավարական դաշնակցությունը հավասարը հավասարի հետ գործընթացներ են», - հայտարարեց իշխող կուսակցության ներկայացուցիչը` պատասխանելով դիտարկմանը, թե ո՞ւր մնացին այն հայտարարությունները, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` առաջիկայում պաշտոնանկություններ չեն սպասվում, որովհետեւ իշխող կուսակցությունը գոհ է կառավարության ու այդ մարմնի ղեկավարի աշխատանքից:

«Վերջին հաշվով կառավարությունում մենք ենք որոշել, թե ովքեր պիտի աշխատեն, կամ վարչապետը ով պիտի լինի: Եթե գոհ չլինեինք, ուրեմն հակառակ որոշում կկայացնեինք», - ասաց Սահակյանը:

Մարզպետների հարց ՀՀԿ-ն նույնպես չի քննարկել, տարբեր լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ վերլուծություններ են հայտնվում, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերադարձը բացառված չէ: Պարզվեց Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո մարզպետի պաշտոնում նրան ոչ թե Հանրապետականը չի ուզում տեսնել, այլ Սուրիկ Խաչատրյանը չի ուզում վերադառնալ:

«Ոչ թե այդ մասին չենք մտածում, այլ ես կարծում եմ, որ ինքը` Սուրիկ Խաչատրյանը հակված չէ, որ նորից մարզպետ լինի», - ասաց Սահակյանը:

Խորհրդարանը քաղաքական քուրա է, կոշտ գնահատականներ էլ կհնչեն, Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ հնչած քննադատություններին անդրադառնալով` հայտարարեց Սահակյանը: Դրանք, Գալուստ Սահակյանի խոսքով, անհետեւանք չեն մնա:

«Երբ ասում ենք լուրջ հետեւանքներ կունենան, անմիջապես մտածում ենք ինչ-որ մեկին պիտի սպանենք, մեկին գործից հանենք, գլխատենք… սրանք ավելի ածանցյալ են, քան հետագայում հնարավորինս դաշտ ստեղծել, որպեսզի նման երեւույթներ չլինեն, կամ գոնե նման երեւույթներ լինելու դեպքում մենք կարողանանք միանշանակ մեր կարծիքը տանք», - ասաց նա:

Հարցին, թե արդյոք գիտի՞ արտագաղթի պատճառները, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ դրանք նաեւ կառավարությունն է ուզում իմանալ. - «Կառավարությունը արդեն որոշակի գումար տրամադրեց այդ սոցիոլոգիան մշակելու համար: Արդյունքները մինչեւ աշուն կլինենմ եւ հասարակությանը կներկայացնենք, թե ինչն է պատճառը: Համենայնդեպս, միայն սոցիալական վիճակը չէ, իմ տեսակետը դա է»:
XS
SM
MD
LG