Մատչելիության հղումներ

Նալբանդյանը այցելեց Մադրիդ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Մադրիդում կայացել են Նալբանդյանի հանդիպումները Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի, Սենատի նախագահ Պիո Գարսիա Էսկուդերո-Մարկեսի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մունյոս Ալոնսոյի, ինչպես նաեւ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի հետ։

Իսպանացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ հայ - իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսեւորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է միջպետական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման համար։

Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է իր պատրաստակամությունը` գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու եւ խորացնելու նպատակով:

Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առեւտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների խթանման վերաբերյալ, մտքեր փոխանակել միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով։ Երկուստեք կարեւորվել է Երեւանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը։

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Գարիսա-Մարգալյոն տեղեկացրել է տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։

Հայաստանի եւ Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների եւ այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:

Գարսիա-Մարգալյոն ընդունել է Հայաստանի արտգործնախարարի` Երեւան պատասխան այցելություն կատարելու հրավերը:

Էդվարդ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն ստորագրել են երկու երկրների միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:

Իսպանիայի Սենատի նախագահի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ - իսպանական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ գործակցությանը։

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի կառավարության կողմից տուրիզմն առաջնահերթություններից մեկը հռչակելը ճիշտ որոշում է, եւ վերահաստատել է կազմակերպության օժանդակությունը Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ձեռնարկվող քայլերին:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել հեղինակավոր քաղաքագիտական կենտրոն Մադրիդի ակումբում, որին ներկա էին իսպանական առաջատար քաղաքագետներ եւ փորձագետներ։ Հանդիպմանը Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Իսպանիա իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։

Ավարտելով այցելությունը` Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Երեւան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG