Մատչելիության հղումներ

Երկրորդ ամբաստանյալն էլ պնդում է, թե Սեդրակյանը մահափորձի հետ կապ չունի


Վարդան Սեդրակյանը դատարանի դահլիճում
Վարդան Սեդրակյանը դատարանի դահլիճում
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձն իրականացնելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանի պնդմամբ` նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը կապ չունի մահափորձի հետ:

Դատական նախորդ նիստում, հիշեցնենք, նույնպիսի հայտարարությամբ էր հանդես եկել Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը:

Սեդրակյանին, հիշեցնենք, ներկայացվում է հանցագործությունը պատվիրելու մեղադրանք:

Խաչատուր Պողոսյանի փաստաբանը` Լյուդվիգ Ավետիսյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր համար անակնկալ էր իր պաշտպանյալի հայտարարությունը. - «Պաշտպանի հետ պայմանավորված չէր: Այս պահի դրությամբ ես մեկնաբանել չեմ կարող: Քննությունը ցույց կտա, թե ինչ նպատակով է»:

Ամուսնու հայտարարության կապակցությամբ տարակուսանք հայտնեց նաեւ Պողոսյանի կինը` Նոնա Հակոբյանը` նշելով, որ իր համար «շատ մութ տեղեր կան». - «Սկզբում ոչ ոք Խաչիկին ո'չ տեսել էր, ո'չ ճանաչում էր: Բայց հետո, այս դատավարության ընթացքում այնպես պատահեց, որ բոլորը ճանաչեցին: Չեմ հասկանում»:

Այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը` կրկին հայտարարելով, որ միջադեպի մասին լսել է հեռուստացույցով, անմիջապես գնացել է հիվանդանոց, առողջություն մաղթել Հայրիկյանին ու վերադարձել տուն:

Սեդրակյանն այսօր էլ պնդեց, որ ամբաստանյալ Սամվել Հարությունյանի հետ իր հարաբերությունները սահմանափակվել են գործատուի եւ աշխատողի միջեւ եղած շփումներով:

Քանի որ երկու ամբաստանյալները հայտարարել են, թե Սեդրակյանը մահափորձի հետ կապ չունի, վերջինիս փաստաբան Սիրունյանը միջնորդություն ներկայացրեց Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Բայց ներկայացված փաստաթղթերն ամբողջական չէին եւ միջնորդության քննությունը հետաձգվեց:
XS
SM
MD
LG