Մատչելիության հղումներ

Մանե, Միլենա, Նարեկ, Դավիթ. 2012-ին նորածիններին ամենահաճախ տրված անուններն են


Ազգային վիճակագրական ծառայությանը 2003 թվականից կազմում է վիճակագրություն, թե Հայաստանում երեխաների ծնողները ամենշատը ինչ անուններով են կոչում նորածիններին: Տղա նորածինների անունների տասնյակը վերջին տասնամյակում կայուն է, որոշ անուններ ավելի հաճախ տրվող անունների սանդղակում վերեւ ու ներքեւ շարժվում, բայց անունները անփոփոխ են` Նարեկ, Դավիթ, Գոռ, Հայկ, Էրիկ, Տիգրան, Արման եւ այլն:

«Գոռ անունը, որը որոշակի միջակայքում 5-րդ տեղում էր, վերջին տարիներն առաջնային դիրքերում է», - նշեց Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը եւ ավելացրեց, որ պատահում են դեպքեր, երբ ծնողները դիմում են իրենց` պարզելու, թե որոնք են տարածված անունները ու հենց այդ շարքից են ընտրում անուն իրենց երեխայի համար: Ավելի քիչ են այն մարդիկ, որոնք իրենց երխային ձգտում են տալ չկրկնվող անուններ:

Վերջին 10 տարում ամենամեծ թվով աղջիկների կոչել են Անի: 2004, 2005, 2009-ին այդ անունը եղել է հաճախ տրվող անունների ցանկում առաջինը: Շատ տարածված են նաեւ Մանե եւ Նարե անունները, որոնք այսպիսի տարածում են ստացել վերջին մի քանի տարվա ընթացքում. 2003-ին ամենաշատ տրվող անունների սանդղակում Նարեն 16-րդ տեղում էր, 2012-ին արդեն առաջին տեղում է: Առաջին տասնյակում են Աննա, Մարիամ, Անահիտ, Լիլիթ, Մերի, Միլենա, Էլեն, Հասմիկ եւ Լուսինե անունները:

Եթե խորհրդային տարիներին շատ էին ռուսական անուները` Իրինա, Կատյա, Լենա եւ այլն, ապա այժմ այդ անունները տարածված չեն:

Եթե տղաների անվանացանկերը ավելի կայուն են, ապա աղջիկների անունների ցանկը ավելի հաճախ է փոփոխվում տարիների ընթացքում: Մշակութաբան Նիկոլ Մարգարյանը այս երեւույթը այսպես է բացատրում. ըստ նրա` եթե տղաների անունները ավելի հաճախ ընտրում են հայրերը, ովքեր ավանդապահ են, ապա աղջիկների անունները հաճախ ընտրում են մայրերը, ովքեր փորձում են գտնել նոր, բարեհունչ ու նորաձեւ անուններ իրենց դստրերի համար:

«Տղաների անունները կրկնվում են, որովհետեւ սովորաբար ժառանգվում են, իսկ աղջիկների անունները ավելի հաճախ ընտրվում են եղած զանգվածային մշակութային տեղեկության միջավայրից` սերիալներից, գեղարվեստական միջավայրից եւ այլն», - ասաց Նիկոլ Մարգարյանը:

Հենց այս պատճառով նա պատահական չի համարում, որ արդեն երկար տարիներ աղջիկներին հաճախ տրվող անունների ցանկի առաջին 5-յակում է Միլենա անունը (2012-ի սանղակում այդ անունը 2-րդ տեղում էր):

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է Միլենան այսպիսի տարածում ստացել Հայաստանում, մշակութաբանը պատասխանեց. - «90-ականների վերջերին մի բավական հայտնի սերիալ կար, որտեղ հերոսի անունը Միլենա էր, բրազիլական սերիալ էր, վերնագիրը կարծեմ «Ապրել եւ սիրել» էր»:

Նիկոլ Մարգարյանի կարծիքով, մի քանի գործոնների ազդեցությամբ են ծնողները ընտրում երեխայի անունը: Նախ շատերը նորածնին անվանում են պապիկի կամ տատիկի անունով, այսպիսի դեպքերը շատ են հատկապես, երբ տատիկի կամ պապիկի անունը բարեհունչ է, մյուս դեպքում դրանք անուններ են, որոնք ծնողներին ծանոթ են դպրոցից, գեղարվեստական գրականությունից, պատմությունից, սերիալներից եւ այլն, 3-րդ դեպքում նորածնին անվանում են գերդաստանի անդամներից որեւէ մեկի անունով, իսկ որոշ ծնողների համար էլ կարեւոր է, որ անունը հայկական լինի, թեեւ մշակութաբանը ավելացրեց, որ այսպիսի ծնողների թիվը մեծ չէ:

Որոշ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններում կարող են փորձել ուղղորդել ծնողներին, թեեւ օրենքը ծնողին հնավորություն է տալիս անվանել երեխային այնպես ինչպես ուզում է, իսկ երեխան 16 տարեկանից հետո կարող է փոխել անունը հեշտությամբ, եթե չի հավանում ծնողների դրած անունը:

«Ես շատ եմ աշխատում տարբեր ՔԿԱԳ բաժիններում եւ կարող եմ ասել, որ իսկապես բաժնի աշխատակիցները կարողանում եմ միջամտել եւ որեւէ ձեւով արգելել անսովոր անուններով կնքելը երեխաներին», - ասաց մշակութաբանը:

Եզակի հանդիպող անունների մասին տեղեկություն վիճակագրական ծառայությունը չունի, քանի որ հետաքրքրվում են միայն ամենաշատ կնքվող անուններով, իսկ Նիկոլ Մարգարյանը իր ուսումնասիրությունից մի դեպք է հիշում, երբ երեխային անվանել են Զոռով:

«5-6 տարի առաջ Լոռիում մեկը 11 աղջիկ ունենալուց հետո տղա էր ունեցել եւ երեխային անվանել Զոռով», - պատմեց Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG