Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքի 81 տոկոսը անապատացման վտանգի տակ է


Հատված ծառեր Թեղուտի անտառում, Լոռի, արխիվ
Հատված ծառեր Թեղուտի անտառում, Լոռի, արխիվ
Հունիսի 17-ը Երաշտի եւ անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է: Այս տարվա խորագիրն է` «Թույլ մի տուր՝ չորանա մեր ապագան»:

1995-ին ընդունված ՄԱԿ-ի անապատացման դեմ կոնվենցիային Հայաստանը միացել է 1997 թվականին:

«Կոնվենցիային միանալը դեռ ոչինչ չի նշանակում »,- ասում է բնապահպան Ինգա Զառաֆյանը եւ հավելում, որ 2000 թվականին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն` անապատացման վտանգի տակ է Հայաստանի տարածքի 81 տոկոսը:

Նա նշում է, որ վերջին տարիների նման ուսումնասիրություններ չեն արվել:

«Վիճակը վերջին տարիների շատ ավելի է վատացել, բայց նոր թիվ չի հրապարակվում: Կարծում եմ՝ վիճակը այնքան է վատացել, որ նոր թիվ վախենում են հրապարակել», - ենթադրում է Զառաֆյանը:

Զառաֆյանը ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնց համաձայն 2007-ին Հայաստանը ունեցել է 2 միլիոն 101 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, իսկ 2011-ին՝ 2 միլիոն 76 հազար հեկտար: Թվերը վկայում են, որ Հայաստանը կորցրել է 20 հազար հեկտարից ավելի գյուղատնտեսական նշանակության հող: Բնապահպանին հատկապես անհանգստացնում է Արարատյան դաշտավայրի հողերի վիճակը:

«Մոտավորապես 600 հազար հեկտար հողից մենք կորցրել ենք 30 հազարը` դա աղակալման պատճառով: Սա պարենային անվտանգության հարց է, որը քանի տարի է` չի քննարկվում», - հավելում է Զարաֆյանը:

Բնապահպանն ասում է, որ անհրաժեշտ է փոխել պետական քաղաքականությունը հողի ու ջրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ, պետք է ոչ միայն սպառել ռեսուրսները, այլ նաեւ պահպանել: Գյուղատնտեսական նշանակության հողերը աղտոտվում են արտադրական թափոններով, մյուս կողմից էլ հսկայական տարածքներ անապատանում են հանքավայրերի շահագործման արդյունքում, ահազանգում է նա:

Բնապահպանը նշում է նաեւ, որ պետական մակարդակով անտառածածկ տարածքների վերականգման աշխատանքներ վերջին տարիներին չեն ընթանում:
Զառաֆյանը անապատացման հեռանկարից խուսափելու համար առաջարկում է փոխել վերաբերմունքը հողերի, անտառների, ջրային ռեսուրսների նկատմամբ, փոփոխություններ կատարել նաեւ օրենսդրական դաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG