Մատչելիության հղումներ

Վենետիկի բիենալեում հայկական տաղավարի նկատմամբ «ուշադրությունը մեծ էր»


Moldova - International Art Biennale, exhibition of paintings at the National Art Museum, Chisinau, 29May2013.
Moldova - International Art Biennale, exhibition of paintings at the National Art Museum, Chisinau, 29May2013.
Հունիսի 1-ին տեղի է ունեցել Վենետիկի ժամանակակից արվեստի 55-րդ բիենալեի հանդիսավոր բացումը: Այս տարի այն կրում էր «Հանրագիտարանային պալատ» խորագիրը: Հայաստանը բիենալեին ներկայացրել է նկարիչ Արարատ Սարգսյանը` «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթը» պատումով:

Պատումը, ըստ հեղինակի, շաղկապում է ժամանակներն ու գեղարվեստական հին ու նոր արտահայտչամիջոցները: Հայաստանյան տաղավարը ներկայացվում է Սուրբ Ղազար կղզում:

Արարատ Սարգսյանի խոսքով` կարեւոր է այն, որ պատումն ուղեկցվում է ինտերակտիվ վիդեո-ինստալիացիայով, անգլերեն ենթագրերով:

Բիենալեին այս տարի մասնակցում են 88 երկրից ժամանած 150-ից ավելի արվեստագետներ: Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեն աշխարհի խոշորագույն միջոցառումներից է, անցկացվում է 1895 թվականից:

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը նշում է, որ հայկական տաղավարի նկատմամբ ուշադրությունը մեծ էր:

«Շատերը հատուկ գալիս էին կղզի` ծանոթանալու ներկայացված գործերին», - ասում է Գեղամյանը:

Նկարիչը նշում է, որ սա մեծ միջոցառում է Հայաստանի համար, ներկայանալու լավ հնարավորություն: Միջոցառմանը մասնակցելու համար մշակույթի նախարարությունը տրամադրել է 5 միլիոն դրամ (մոտ 10 հազար եվրո), մինչդեռ անցյալ տարի ծախսվել էր 100 հազար եվրո:

«Բյուջեն կարող է շատ լինել, բայց սխալ ծախսվել, ինչպես եղավ անցյալ տարի: Բյուջեն 10 անգամ շատ էր, բայց արդյունքը գոհացուցիչ չէր: Այս տարի ամեն ինչ շատ հաջող էր», - ասաց նկարիչը:

Բիենալեն չի նախատեսում մրցանակային տեղեր, սակայն մի քանի երկրների տրվում են խորհրդանշական մրցանակներ: Չնայած Հայաստանը նրանց ցանկում չէր, այնուամենայնիվ, ինչպես պնդում է Արարատ Սարգսյանը, հայաստանյան տաղավարը դուր էր եկել ինչպես այցելուներին, այնպես էլ ժյուրիի անդամներին:

Բիենալեն կավարտվի այս տարվա նոյեմբերի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG