Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը քննարկում է Հարավային Լիբանան երկու զորախումբ ուղարկելու հարցը: Այս շաբաթ նախարարության պաշտոնատարները մեկնելու են Հռոմ՝ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության պատասխանատու իտալացի գործընկերների հետ հայկական զորախմբերի կառուցվածքի, տեղակայման վայրի, թվաքանակի եւ տեխնիկական ապահովման հարցերը քննարկելու համար:
Սա դրական տեղաշարժ է 2006 թվականից ի վեր, երբ նախագահ Քոչարյանի կառավարությունը ձեռնպահ մնաց մի քանի տասնյակ երկրներին միանալուց, որոնք համաձայնել էին մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Լիբանանի հետ Իսրայելի պատերազմից հետո: Այդ ժամանակ, նախկին նախագահ Քոչարյանի մամլո քարտուղարը «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել էր խաղաղապահ զորախմբեր տրամադրել՝ ՅՈւՆԻՖԻԼ-ի անորոշ մանդատի եւ այն պատճառով, որ հայ զինվորների մասնակցությամբ ցանկացած բախում կարող էր վտանգի ենթարկել Լիբանանի հայ համայնքը: 2006 թվականին նախագահ Քոչարյանի հետ իմ ունեցած մասնավոր զրույցի ժամանակ նա անդրդվելիորեն պաշտպանեց իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:
Մյուս կողմից, Թուրքիայի կառավարությունը շատ արագ գիտակցեց Լիբանան խաղաղապահներ ուղարկելու օգուտները՝ զինվորական ներկայություն հաստատելու, իր քաղաքական եւ տնտեսական ազդեցությունն արաբական աշխարհում ընդարձակելու, արժեքավոր հետախուզական տվյալներ հավաքելու եւ լիբանանյան հարցերում հայկական ազդեցությանը դիմակայելու գործում: Հետեւաբար, Օսմանյան կայսրության անկումից գրեթե մեկ դար անց թուրքական զորքերն առաջին անգամ մտան Լիբանան: Ներկայումս ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությունը բաղկացած է 37 երկրների 11 հազար խաղաղապահներից, այդ թվում 495-ը` Թուրքիայից: Անցյալ տարի Հայաստանը միայն մեկ սպա է ուղարկել Հարավային Լիբանան դիտորդական առաքելությամբ: Մինչդեռ արդեն մի քանի տարի է, որ ավելի քան 130 հայ խաղաղապահ զինվորներ ծառայում են Աֆղանստանում, եւ 35-ը՝ Կոսովոյում. մինչեւ վերջերս նրանք ծառայում էին նաեւ Իրաքում:
Անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությունը ամբողջովին չբացատրեց, թե ինչու է հիմա շահագրգռված իր խաղաղապահ ուժերը Լիբանան ուղարկելու գործում՝ յոթ տարի առաջ նախկին նախագահ Քոչարյանի մերժումից հետո: Իմ կարծիքով, գոյություն ունեն հինգ դրական պատճառներ, թե ինչու Հայաստանը պետք է խաղաղապահներ տրամադրի ՅՈւՆԻՖԻԼ-ին.
1. Հայ զինվորների ներկայությունը լիբանանյան տարածքում հպարտության մեծ զգացում կառաջացնի այդ երկրի հայկական կարեւոր համայնքի մոտ:
2. Հայկական զորամիավորումը որոշ չափով կնպաստի թուրքանպաստ քարոզչության հավասարակշռմանը, որն առաջացել է 2006 թվականից ի վեր Հարավային Լիբանանում թուրքական ավելի մեծաքանակ ռազմական ներկայության պատճառով:
3. Հայկական զորախմբերը միակը կլինեն Հարավային Կովկասից, քանի որ ոչ Վրաստանը եւ ոչ էլ Ադրբեջանը խաղաղապահներ չեն ուղարկել Լիբանան:
4. Թեեւ Իսրայելի եւ Սիրիայի հետ սահմանակից Հարավային Լիբանան զորախմբեր ուղարկելն իր մեջ վտանգ է պարունակում, սակայն սա պակաս վտանգավոր առաքելություն է, քան` Աֆղանստանում, որտեղ ավելի քան 130 հայ զինվորներ ծառայում են երկար տարիներ:
5. Հայկական զորախմբերը, ինչպես Աֆղանստանում, Իրաքում եւ Կոսովոյում, այնպես էլ այստեղ, ռազմական արժեքավոր փորձ ձեռք կբերեն տասնյակ այլ երկրների զորամիավորումների հետ համատեղ ծառայության ընթացքում:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաեւ հայտարարեց, որ կարող է խաղաղապահ զորախմբեր ուղարկել աֆրիկյան Մալի պետություն, որտեղ մի շարք արյունալի բախումներ են հրահրվել: Այդ ընդհարումներում «Ալ-Քաիդա»-ի հետ կապված իսլամիստական խմբավորման զինյալները կռվում են մալիական, ֆրանսիական եւ աֆրիկյան ուժերի դեմ: Քաղաքացիական պատերազմ է հրահրվել նաեւ անջատողական տուարեգ ցեղերի եւ մալիական զորքերի միջեւ: Իրավիճակն այնքան անկայուն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունն անցյալ շաբաթ իր զեկույցում զգուշացրեց, որ խաղաղապահները կարող են լուրջ վտանգների ենթարկվել Մալիում եւ դրա շուրջ ծավալվող գործողություններում:
Նման վտանգավոր պայմաններում անխոհեմ կլինի հայ խաղաղապահներ ուղարկել Մալի: Մալիի անվտանգության համար պատասխանատվությունը հիմնականում ստանձնել են աֆրիկյան երկրների ուժերը՝ ֆրանսիական զինվորականների նյութատեխնիկական աջակցությամբ: Հայաստանը չի կարող անհարկի վտանգի ենթարկել իր զինծառայողների կյանքը, նկատի ունենալով անվտանգության առաջնահերթությունն իր սեփական տանը՝ Արցախյան հակամարտության պատճառով:
Հայկական զորախմբերի ծառայությունը նվազ վտանգավոր վայրերում կարող է դրական լինել ռազմական պատրաստականության եւ դիվանագիտական տեսանելիության ձեռք բերման առումով, սակայն մեծ թվով զինվորներ հակամարտության բազմաթիվ թատերաբեմեր ուղարկելը եւ պայթյունավտանգ իրավիճակներում նրանց տեղակայումը անխոհեմ քայլ կլինի, հաշվի առնելով հայկական բանակի զինվորների սահմանափակ թիվը:
Չնայած Հայաստանի մասնակցությունը ՅՈւՆԻՖԻԼ-ին ենթակա է խորհրդարանական հաստատման, սակայն հաշվի առնելով իշխող կուսակցության ճնշող մեծամասնություն լինելը՝ մեծ դիմադրություն չի սպասվում: Հայաստանի կառավարությունը պետք է ձգտի ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը խաղաղապահ զորախմբերը միայն Լիբանան ուղարկելու համար: Կան բազմաթիվ իմաստալից պատճառներ հայկական զորամիավորումները Լիբանանում եւ ոչ թե Մալիում տեղակայելու համար:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի