Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը հարցեր է ակնկալում Facebook-ով


Ադրբեջանի նախագահի էջը Facebook-ում
Ադրբեջանի նախագահի էջը Facebook-ում

Ադրբեջանի նախագահի ֆեյսբուքյան ակտիվությունը սկսվեց նույն օրը, երբ նա իր ստորագրությամբ խստացրեց ոլորտի օրենսդրությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Facebook-ի իր պաշտոնական էջում տեղադրել է մի հաղորդագրություն, որով կոչ է անում օգտատերերին իրենց հուզող հարցերը ուղղել նախագահին:

Քաղաքացիներին հուզող հարցերին, սակայն, կպատասխանի ոչ թե անձամբ Ադրբեջանի նախագահը, այլ տարբեր ոլորտների պատասխանատուները, իսկ հարցերը կարելի է թողնել մեկնաբանությունների հատվածում:

Իլհամ Ալիեւի էջում հայտնված հաղորդագրության համաձայն, քանի որ 2013 թվականը Ադրբեջանում հայտարարվել է տեղեկատվական տեխնոլոգիաների տարի, քննարկումների առաջին թեման հենց այդ ոլորտին է նվիրված, իսկ հարցերն ընդունվում են մինչեւ հունիսի 10-ը:

Այս հաղորդագրության տեղադրումից 9 ժամ անց գրառումը հավանել էր 3 հազարից ավելի օգտատեր, 480-ը այն տեղադրել էին իրենց սեփական էջերում, սակայն կար ընդամենը 120 մեկնաբանություն, որոնց մի մասը գովեստի խոսքերի շռայլումներ էին` «հրաշալի գաղափար է», «բրավո», «շնորհակալություն, պարոն նախագահ», եւ այլն: Facebook-ի ադրբեջանցի օգտատերերը հարցրել են նաեւ, թե ինչու է ինտերնետն ու բջջային կապը այդքան թանկ Ադրբեջանում եւ երբ կէժանանա, ինչու դպրոցներում ուշադրություն չի դարձվում ինֆորմատիկա առարկային, եւ այլն:

Facebook-ում Իլհամ Ալիեւի էջը մինչ այս առանձնապես աչքի չէր ընկնում անմիջականությամբ եւ օգտատերերի հետ ակտիվ շփումներով: Այն ներկայացնում էր գրեթե նույն բովանդակությունը, ինչ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը, թերեւս` համեմված ավելի մեծ թվով լուսանկարներով:

Ուշագրավ է, որ Facebook-ում Իլհամ Ալիեւի այս ակտիվությունը սկսվեց նույն օրը, երբ Ադրբեջանի նախագահն իր ստորագրությամբ խստացրեց ոլորտի օրենսդրությունը. հունիսի 6-ին նա իր ստորագրությամբ վավերացրեց ինտերնետում զրպարտություն ու վիրավորանք պարունակող նյութերի համար քրեական պատիժ սահմանող օրենքը:

Զրպարտության մասին նոր օրենքը իշխանություններին թույլ կտա մինչեւ 3 տարվա ազատազրկման դատապարտել առցանց ակտիվիստներին, որոնց կողմից համացանցում տեղադրված նյութերը, ըստ իրավապահների, կպարունակեն զրպարտության եւ վիրավորանքի տարրեր։

Իրավապաշտպանները դատապարտել են այդ օրենքը եւ այն համարում են պատժիչ գործիք, որը կկիրառվի այս տարվա աշնանը անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ։

Ադրբեջանական եւ արտասահմանյան հասարակական կազմակերպությունները Իլհամ Ալիեւին կոչ էին արել չստորագրել օրենքը, նույն կոչով հանդես էր եկել նաեւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG