Մատչելիության հղումներ

Հրապարակի վերակառուցման հարցում քաղաքապետարանը «անհասկանալիորեն շտապում է»


Ֆեյսբուքյան ասուլիս.Սարհատ Պետրոսյան
please wait

No media source currently available

0:00 0:39:38 0:00
Երեւանի քաղաքապետարանի հայտարարած` Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի բանախոսը` ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը «ոչ պատշաճ է» համարում:

Նա նաեւ սխալ է համարում մրցութային հանձնաժողովում «չինովնիկների առկայությունը». - «Մենք այդ ցուցակի մեջ ունենք 3 չինովնիկներ` Նարեկ Սարգսյանը, Քաղաքաշինության փոխնախարարը եւ Մշակույթի փոխնախարարը: Միջազգային պրակտիկան ուղղակի թույլ չէր տա… Բաց մրցույթը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել, բայց նույն բաց մրցույթի 1-7 էջանոց ծավալ ունեցող ծիծաղելի մրցույթի փաթեթի մեջ տեսնում ենք, որ կան պատվիրված նախագծեր: Դա միջազգային պրակտիկայում անընդունելի տարբերակ է, եւ դա չի կարելի համարել բաց մրցույթ»:

Պետրոսյանը համարում է, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման հարցում Երեւանի քաղաքապետարանը «անհասկանալիորեն շտապում է», ինչի համար «ինչ-որ պատճառներ» ունի. - «Այդ պատճառներում ես ամեն դեպքում դրական միտումներ չեմ տեսնում»:

«Վերակառուցումը հստակ գործընթաց է ենթադրում, վերակառուցում նշանակում է եղած իրավիճակի փոփոխություն», - նշեց նա` հավելելով. - «Դա արդեն ստիպում է մտածել, որ պետք է լինեն ռադիկալ փոփոխություններ»:

Անդրադառնալով հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու ծրագրին` ճարտարապետն ասաց. - «Նարեկ Սարգսյանը ոչ միայն չարաշահել է իր պետական դիրքը, այլեւ չարաշահելով ժյուրիի նախագահի դիրքը` հենց «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ այնտեղ կառուցվելու է կայանատեղի: Տեղեկացնում եմ, որ Երեւանի գլխավոր ճարտարապետը պարզապես չինովնիկ է, ով պարտավոր հետեւել գլխավոր հատակագծի դրույթների իրականացմանը, եւ ոչ միայն որպես չինովնիկ իրավունք չուներ նման բան ասել, այլեւ` որպես ժյուրիի նախագահ: Նշանակում է, որ նա արդեն իսկ ուղղորդում է լուծումները, ինչը անթույլատրելի է եւ վարկաբեկում է արդեն իսկ վարկաբեկված մրցույթը»:

«Որպես մշակութային ժառանգության պահպանության ջատագով, ես դեմ եմ, որ այդտեղ կառուցվի ստորգետնյա ավտոկայանատեղի, որովհետեւ դա լինելու է ի հաշիվ մեկ այլ մշակութային շերտի, որից շատ քիչ է Երեւանում պահպանվում: Դեմ եմ նաեւ որպես քաղաքաշինարար. տրանսպորտի խնդիրը չի լուծվելու ավտոկայանատեղիի կառուցմամբ», - հավելեց Սարհատ Պետրոսյանը:

Նա «վտանգավոր տեղեկություններ» է տեսնում հայտարարված մրցույթի պահանջների տողատակերում. - «Երեւանի գլխավոր ճարտարապետը եւ իրեն հարող մի քանի ճարտարապետները իրենց հանրային ելույթներում մի քանի մտքեր արդեն դրել են շրջանառության մեջ: Դրանցից մեկը Կառավարության շենքի վրա գմբեթն է, հաջորդը Պատկերասրահի շենքի քանդումն է, ամբողջովին վերացումը եւ Հյուսիսային պողոտան հրապարակի հետ միացնելը: Մի քանի անգամ քննարկվել է Արհմիությունների շենքը հյուրանոցի վերածելու գաղափարը եւ մեկ հարկ ավելացնելը: Եվ գիտեք, որ խնդիրներ կան նաեւ ԱԳՆ-ի շենքի հետ կապված: Այսինքն` այդ բոլոր խնդիրների մասին արդեն արտահայտվել է այդ մարդը, որ կողմնակից է: Դա նշանակում է, որ արդեն ստեղծվելու են փաստաթղթեր: Վաղը, մյուս օրը կասի` ոչ թե միայն ես եմ այդպես կարծում, այլ, տեսեք, մրցույթ հայտարարեցինք, 5 հոգի մասնակցեց, 4-ը պլանավորել է գմբեթը: Դրանով հինք է ստեղծվում ապագայում լոբբինգ անելու այդ անընդունելի նախագիծը»:

Օգտատերերից մեկի հարցին, թե ինչու է դատափետում «լուրջ ճարտարապետներին», ինչպիսին, օրինակ, Նարեկ Սարգսյանն է, Սարհատ Պետրոսյանն արձագանքեց. - «Ինքը այդ արտահայտություններին արժանանում է ոչ թե որպես ճարտարապետ, այլ որպես չինովնիկ: Հենց որ Նարեկ Սարգսյանը դադարի լինել չինովնիկ, եւ լինի ճարտարապետական հանրույթի այնպիսի մասնակից, ինչպիսին ես եմ, եւ իմ մյուս կոլեգաներն են, ես արդեն այլ հարթության մեջ պետք է շփվեմ: Բայց այսօր նա պետական չինովնիկ է եւ իրականացնում է մեր քաղաքում ճարտարապետական քաղաքականություն, որը իմ համար եւ շատերի համար անընդունելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG