Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի դատախազության վարույթում կոռուպցիոն բնույթի 12 գործ կա


Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյան
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյան
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց դրանցից մի քանիսը:

«Հովունի համայնքի ղեկավար Թելման Միրիջանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ` 2005-2013 թվականների ընթացքում նույն գյուղապետարանի հարկային գործակալ Օֆելյա Վարդանյանի հետ նախնական համաձայնությամբ, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով, համայնքի բնակիչներից հողի հարկի դիմաց համապատասխան արդորրագրերով հավաքագրել է 3 միլիոն 200 հազար դրամ, սակայն այդ գումարը գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել եւ յուրացրել է», - փոխանցեց դատախազը` հավելելով, որ Միրիջանյանը նաեւ կեղծ փաստաթղթերի միջոցով գյուղապետարանի դրամարկղից ելքագրել ու յուրացրել է 6 միլիոն 200 հազար դրամ:

«Հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժին», - նշեց դատախազը` հավելելով, որ գործով ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան:

Իսկ ահա Մարալիկի սոցիալական ծառայության պետն ու գլխավոր մասնագետը կալանավորված են. - «Մարալիկի սոցծառայությունում ունենք կաշառքի փաստ, որի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ: Նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում»:

Ոլորտի ամենաաղմկոտ գործով` Կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ համակարգի մի շարք աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ հիմնադրամի Գյումրիի տարածքային բաժնի 5 աշխատակիցների, որոնց պատճառած վնասի չափը հասնում է մի քանի տասնակ միլիոն դրամի: Դատախազի տեղեկացմամբ, այս գործը քննում է Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

Հարցին, թե ուրիշ որ ոլորտներն են ընդգրկում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերը, Շահբազյանը պատասխանեց. - «Կրթական ոլորտում տարբեր դպրոցների տնօրենների վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր` հիմնականում իրենց բարեկամ, ազգականներին աշխատանքի հրամանագրելու, գումարներ ելքագրելու եւ յուրացնելու դեպքերի առթիվ: Գյումրիում էլ ունենք հարուցված քրեական գործ Պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսների վերաբերյալ` մի խումբ դասախոսների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG