Մատչելիության հղումներ

Այսօր «Առանց ծխախոտի» համաշխարհային օրն է


Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: Հայաստանն այն նշում է 2000 թվականից:

Որքան էլ ՀՀ օրենքն արգելում է ծխել հասարակական վայրերում, որքան էլ տարբեր հասարակական կազմակերպություններ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում, քարոզում չծխել գոնե երթուղայիններում, այգիներում, օրենքը շրջանցողներ, այնուամենայնիվ, գտնվում են:

Առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ, ծխելու դեմ պայքարի համակարգող Ալեքսանդր Բազարչյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ վիճակագրությունը Հայաստանում, ցավոք, արագ փոփոխության չի ենթարկվում եւ վերջին 2012-ի ցուցանիշները գրեթե նույն են, ինչ 2008-2009-ի ցուցանիշները. - «Կանանց շրջանում ծխախոտի օգտագործումը Երեւանում բարձր է, քան մարզերում: Երեւանում այն հասնում է 7-8 տոկոսի, իսկ մարզերում 1-2 տոկոս: Տղամարդկանց դեպքում ցուցանիշները մոտավորապես հավասար են, իրականում 5-7 տոկոսի տարբերությամբ մարզերում ավելի շատ են ծխում: Հիմա 20-ից բարձր տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործումը կազմում է 55-56 տոկոս»:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով անչափահաս երեխաների ծխելու շուրջ արված վերջին վիճակագրական տվյալներին, որ իրականացրել են 2010 թվականին` նշեց, որ արդյունքները գոհացուցիչ չեն:

«Առնվազն օրվա մեջ մեկ անգամ ծխելը նշել են դեռահասների 8 տոկոսը: Եթե խոսքը գնա շաբաթը մեկ անգամ ծխելուն, դա կավելանա եւս 3 տոկոս, իսկ ավելի հազվադեպ, էքսպերիմենտալ բնույթի` կավելանա եւս 3 տոկոս: Աղջիկների մոտ այդ ցուցանիշն ավելի ցածր է` 0,6 տոկոս, սակայն դա էլ է անհանգստացնող: Այսինքն, 15 տարեկանում երեխաների շուրջ 15 տոկոսն արդեն առնվազն փորձառությունը ձեռք են բերել, եւ դրանց մի հատվածը դառնում է առօրյա ծխող», - նշեց Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ, եթե ծխող երեխաների թվով, եվրոպական երկրների համեմատ, Հայաստանի ցուցանիշները բարձր չեն, սակայն արդեն մեծահասկաների շրջանում ծխելու տարածվածությամբ Հայաստանը Եվրոպական տարածաշրջանում եթե առաջին տեղում չէ, ապա առաջիներից մեկն է:

Բազարչյանն էլ նշում է, որ 50 տոկոսից բարձրը բավականին վատ ցուցանիշ է եւ պատահական չէ, որ այսօր ունենք ծխախոտի պատճառով առաջացած հիվանդությունների թվի աճ:

«Մենք ունենք մեծ տարածվածություն թոքի քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների, եւ եթե մենք ժամանակին կարողանանք կանխարգելել դա, մենք զգալիորեն կկրճատենք վաղաժամ մահերի թիվը, կբարձրացնենք այդ մարդկանց կյանքի որակը, նրանք բավականին ուշ կդիմեն բժիշկներին եւ այլն», - փոխանցեց Բազարչյանը:

Բազարչյանը հավելում է, որ Առաղջապահության նախարարությունում մշակվում են ծխախոտի գովազդի արգելքի վերաբերյալ սահմանափակումներ. - «Մշակում ենք եւ ուզում ենք, որ մոտ ապագայում Հայաստանում ընդունվի օրենք, որն ամբողջությամբ կարգելի ծխախոտի գովազդը, հովանավորությունն ու քարոզչությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG