Մատչելիության հղումներ

Գլխավոր հրապարակը վերակառուցում են, որպեսզի այն «ծառայի ժողովրդին»


Պետք է այնպես անել, որպեսզի Հանրապետության հրապարակը ծառայի մարդկանց, ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց Երեւանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` չբացառելով, որ վերակառուցման արդյունքում հրապարակի տեսքը կարող է ձեւափոխվել:

Երեւանի քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակի վերակառուցման համար: Ինչպես նշեց Նարեկ Սարգսյանը, պետք է լուծում տրվի հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու, հրապարակի կենտրոնում կառուցված գորգային հատվածը շահագործելու, ինչպես նաեւ Լենինի արձանի տեղում որեւէ բան կառուցելու կամ չկառուցելու խնդիրներին:

«Ինչպես լուծել խնդիր, որպեսզի հրապարակը դառնա մարդու համար: Այսինքն մեր հրապարակի հիմնական մասը` մոտ 2 հեկտար տարածքը չի օգտագործվում, դա միայն օգտագործում է տրասնպորտը: Ժողովուրդը օգտագործում է միայն շատրվանների հատվածը: Ես չգիտեմ` որեւէ տեղ կա՞ այդպիսի հրապարակ կա, թե՞` չկա», - ասաց գլխավոր ճարտարապետը` հավելելով. - «Հրապարակի տեսքը երբեք ամբողջությամբ փոխվել չի կարող: Փոփոխություններ կարող են վերաբերվել Լենինի արձանի հատվածին, գորգի հատվածին, շատրվանների հատվածին, բայց գլոբալ քաղաքաշինական, ճարտարապետական փոփոխություններ մենք չեն ենթադրում: Բայց մենք չենք բացառում, որ մրցույթի արդյունքներով հնարավոր է այնպիսի հետաքրքիր առաջարկներ լինեն, որոնք հանրային եւ այլ քննարկման արդյունքներով դառնան ընդունելի բոլորի համար»:

Սարգսյանը չբացառեց շենքերի ձեւափոխումների հնարավորությունը. - «Չեմ բացառում, որ կարող են առաջարկներ լինել հատկապես Պատկերասրահի շենքի առնչությամբ, որովհետեւ այդ շենքը իր դիրքով եւ իր ճարտարապետությամբ մասնագետների ճնշող մասի կարծիքով` իր տեղում չէ, եւ ժամանակին սխալ է տեղի ունեցել», - ասաց նա:

Եթե Հանրապետության հրապարակում տեղակայված Պատկերասրահի շենքը կարող է փոփոխությունների ենթարկվել, ապա Երեւանի ճարտարապետը բացառում է, թե առաջարկներ կլինեն ձեւափոխելու Փոստի, «Արմենիա Մարիոթի» եւ արտգործնախարարության շենքերը: Թերեւս միակ բացառությունը կարող է լինել կառավարության շենքի գլխին թմբուկի կառուցումը:

Հարցին, թե արդյոք հրապարակի վերակառուցումը այդքա՞ն հրատապ էր` հաշվի առնելով մայրաքաղաքում առկա բազմաթիվ խնդիրները, Սարգսյանը, ով նաեւ մրցութային հանձնաժողովի նախագահն է, պատասխանեց, թե չի հասկանում հարցադրումը:

«Իրապես չեմ կարող հասկանալ: Ամեն տեղ իր խնդիրներն ունի, եւ հրապարակն էլ իր խնդիրներն ունի: Հրապարակի ստորգետնյա ուրբանիզացիայի հարցը շատ հրատապ խնդիր է», - ասաց նա:

Ի դեպ, հրապարակը վերակառուցելու նպատակների մեջ նշվում է, թե հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձեւավորվել, որոնք աղճատում են հրապարակի տեսքը: Նարեկ Սարգսյանին հարցրեցինք, թե ո՞վ է մեղավոր այդ աղճատման համար:

«Ես չեմ ուզում ասել, թե ով է մեղավոր, ես էլ իմ բաժին մեղքն ունեմ, ուրիշներն էլ ունեն: Ես ունեմ իմ [մեղքի] մասնաբաժին կապված այն սիլուետների հետ, որոնք Հյուսիսային պողոտային են վերաբերվում, եւ վերջ», - ասաց Սարգսյանը:

Իսկ թե ո՞ւմ թույլտվությամբ են հրապարակը աղճատող մյուս բարձրահարկ շենքերը կառուցվել, Սարգսյանը չցանկացավ նշել: Նկատենք, որ Սարգսյանը 2011 թվականից Երեւանի ճարտարապետն է, իսկ 2008-2011 թվականներին զբաղեցրել է Հայաստանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը. հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էր այդ ամենը կառուցվել առանց նրա իմացության:

Սարգսյանն ասաց, թե ինքը չի կարող բոլորի փոխարեն եւ բոլոր տարիներին կառուցված շինությունների համար պատասխան տալ, այժմ կարող է ասել, որ հրապարակի եւ դրա տեսանելիության հետ կապված խնդիրների լուծման տարբերակներ կան: Երեւանի ճարտարապետը հրաժարվեց իր կարծիքը հայտնել այն մասին, թե ինչպես են հրապարակի աղճատումը վերացնելու` ասելով, թե պետք է սպասել մրցույթի արդյունքներին:

Մինչդեռ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ Հանրապետության հրապարակին ձեռք տալ չի կարելի: Այն մեր ճարտարապետության եզակի նվաճումներից է եւ փորձադաշտի չպետք է վերածել, ասում է Մինասյանը եւ հիշեցնում է` ժամանակին իրենք զգուշացնում էին, որ հրապարակի շուրջ բարձրահարկ շենքեր չի կարելի կառուցել: Ովքե՞ր էին գլխավոր ճարտարապետները` Նարեկ Սարգսյանն ու Սամվել Դանիելյանը, հիշեցնում է Ճարտարապետների միության նախագահը` ընդգծելով, որ խիստ մտահոգիչ է քաղաքապետարանի տարածած այն տեղեկատվություն, թե վերակառուցման արդյունքում հրապարակը եւ դրան հարող տարածքները պետք է ներդաշնակ դառնան:

«Դա կարծես թելադրում է, որ հրապարակը ուզում են բարձրացնել, ես այդ մտավախությունը ունեմ», - ենթադրում է Մինասյանը, ով կարծում է, որ հրապարակը վերակառուցելու հրատապություն բոլորովին չկա. - «Հրապարակը կարող է մի քիչ լարվածություն ունի` լինելով տրանսպորտային հանգույց, բայց աշխարհի բոլոր հրապարակներն են այդպիսին, դա խնդիր չէ»:

Ճարտարապետների միության նախագահը չի հասկանում, թե ո՞րն է վերակառուցման նպատակը եւ ինչո՞ւ են այսքան հապշտապ որոշել մրցույթ անցկացնել:

«Ճարտարապետական այսօրվա ուժերով չի կարելի մոտենալ հրապարակին, նայեք մայրաքաղաքին եւ կհասկանանք», - ասում է Մինասյանը:

Հաշվի առնելով այս վտանգները` Ճարտարապետների միության նախագահը հրաժարվում է լինել մրցութային հանձնաժողովում: Մկրտչյանի փոխանցմամբ` իրեն ընդգրկել են այդ հանձնաժողովում առանց իր իմացության:

Առայժմ հայտնի չէ, թե որքան գումար է պատրաստվում Երեւանի քաղաքապետարանը ծախսել հրապարակի վերակառուցման վրա: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ` այդ հարցին պատասխանել հնարավոր չէ, քանի որ չգիտեն, թե ինչ են կառուցելու:

Ի դեպ, պատասխանելով հարցին, թե իրեն դո՞ւր է գալիս Երեւանի այսօրվա տեսքը, Սարգսյանը պատասխանեց. - «Ես` որպես պրոֆեսիոնալ ճարտարապետ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ գիտեմ եւ լավը, եւ վատը: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչ է նշանակում «քաղաքի այս տեսքը» արտահայտությունը»:
XS
SM
MD
LG