Մատչելիության հղումներ

Հայաստանում նվազել է մանկական մահացությունը


Հիվանդանոց Հայաստանում, արխիվ
Հիվանդանոց Հայաստանում, արխիվ

Երեւանի մանկական բուժհաստատություններից օպերատիվ ընթացակարգով հավաքագրված տվյալների համաձայն` 2011 թվականից կրճատվել է երեխաների հիվանդանոցայինը մահացության մակարդակը՝ 1.6 տոկոսից դառնալով 1 տոկոս, եւ մինչշուրջօրյա մահաբերության թիվը 21 տոկոսից դարձել է 15 տոկոս:

Առողջապահության նախարարության մոր ու մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելում է, որ նվազել է նաեւ 0-1 տարեկան երեխաների մահացության մակարդակը. - «2012-ի նախնական տվյալներով մենք արդեն ունենք մանկական մահացության կրճատում 0.9 պրոմիլ: 2012-ին 2011-ի համեմատ 45 - 50 երեխա պակաս է մահացել 0-1 տարիքային խմբում: Սա շատ հուսադրող ցուցանիշ է»:

Սակայն «Արաբկիր» բժշկական կենտրոնի մաս կազմող Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի խոսքով` այդ թիվն այնքան էլ գոհացուցիչ չէ այն պարզ պատճառով, որ Հայաստանում վերջին տարում ծնելիությունը նվազում է: Նա նշում է, որ այս պարագայում յուրաքանչյուր կյանքի համար պետք է պայքարել:
Սարգսյանի հավաստմամբ` երեխաների մահացության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում նորածնային մահացության դեպքերին:

Անդրադառնալով վերջինի պատճառներին` Նունե Փաշայանը նշում է, որ դրանցից առաջնայինը հղիության ընթացքում ու հետծննդյան շրջանում առաջացած խնդիրներն են, որոնք պայմանավորված են ոչ միայն բուժսպասարկման որակով, այլեւ ծնողի առողջական վիճակով, սննդակարգով:

Անդրադառնալով այսօր երեխաների շրջանում տարածված հիվանդություններին` Փաշայանը նշում է, որ բարձր է սակավարյունության ցուցանիշը, իսկ պատճառներից մեկը վաղ հասակում երեխայի սննդակարգի սխալ կազմակերպումն է:

«Ըստ ժողովրդագրական առողջապահական հետազոտության տվյալների` 2010 թվականի երեխաների շրջանում նաեւ ունենք թերաճության բավականին բարձր ցուցանիշ: Առաջիկայում պետք է մշակվի երեխաների սնուցման բարելավման ռազմավարություն, որտեղ հաշվի կառնվեն բոլոր այն միջոցառումները, որոնք կարող են նպաստել այդ ցուցանիշների նվազեցմանը», - նշեց Փաշայանը:

Անդրադառնալով մանկական բուժհաստատությունների խնդիրներին` Սերգեյ Սարգսյանը փոխանցեց, որ իրենք կատարել են հետազոտություն, եւ վստահ կարող է նշել, որ Հայաստանում չկա մի շրջան, որը չունենա մանկաբույժ: Սակայն նա հավելում է, որ կա կադրերի տարիքային խնդիր: Մասնավորապես, փոխանցեց Սարգսյանը, «բժշկուհի Եվա Պիժանովան Ամասիայում է եւ 90 տարեկան է եւ միակ բժիշկն է, ուրիշ ոչ ոք չի համաձայնում գնալ այնտեղ»:

Առողջապահության նախարարության մոր ու մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը նույնպես փաստում է, որ Հայաստանն իսկապես ունի մանկաբույժների կարիք:

«Մանկաբուժական կադրերի ծերացում է գնում Հայաստանում եւ մարզերում: Մարզերում աշխատանքը հրապուրիչ չէ մանկաբույժների համար, բայց, իհարկե, այդ ուղղությամբ աշխատում ենք, եւ մշակվում են ծրագրեր. դա մեր ուշադրության կենտրոնում է», - ասաց Նունե Փաշայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG