Մատչելիության հղումներ

Մայիսի 30-ի մամուլ


Վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հրաչ Բերբերյանը «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հերքել է լուրերը, թե վարչապետը օֆշորային գոտիներում ունեցվածք ունի: «Վարչապետը որեւէ առնչություն չունի այդ կազմակերպության հետ: Երբեւէ անձամբ կամ այլ լիազորված մարդու միջոցով չի գրանցել որեւէ կազմակերպություն Կիպրոսում կամ աշխարհի որեւէ այլ օվշորում», - թերթին ասել է Բերբերյանը` հավելելով, որ այդ կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն, որ դրան իրավական գնահատական տան, եւ մեղավորները պատժվեն։ Երեկ «Հետք» էլեկտրոնային պարբերականում տպագրված փաստաթղթի համաձայն, Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Իսկ գործարար Փայլակ Հայրապետյանը պնդել է որ այդ ընկերությունն առնչություն ունի իր ունեզրկման հետ: «Ժամանակ»-ը հարցեր է ուղղել նաեւ արքեպիսկոպոս Կճոյանին, ով եւս կտրականապես հերքել է իրեն առնչվող տեղեկատվությունը:

«168 ժամ»-ը «Իսկական ծառայությունը հայրենիքին» խորագրի ներքո գրում է. - «Արձակագիր Լեւոն Խեչոյանի քայլը` հրաժարվել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալից, առանց չափազանցության պետք է համարել վերջին ժամանակների ամենաքաղաքացիական, ամենաքաղաքական... ամենամարդկային ակցիան: Ոչ միայն ու ոչ այնքան այն պատճառով, որ հեղինակավոր գրողը հրաժարվել է ընդունել հասարակության վստահությունը չվայելող, կեղծված ընտրությունների արդյունքում վերարտադրված իշխանության շքանշանը: Այդպիսի հիմնավորումներով անցած տարիներին եզակի, բայցեւայնպես` նախադեպեր եղել են: Խեչոյանը հրաժարվել է` առանց հայհոյելու, ինչը նրա քայլը դարձրել է շատ ավելի ազդեցիկ ու սթափեցնող, քան կլիներ, եթե հայտարարեր, որ չի ցանկանում մեդալ ընդունել ավազակապետական ռեժիմից, ապօրինի իշխանությունից եւ այլն»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին չի մասնակցել Բիշքեկում կայացած ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Թե ներկայիս, թե նախորդ նախագահները, թե այլ պետությունների ղեկավարներ այս կամ այն պատճառով երբեմն չեն մասնակցում նման միջոցառումների: Որեւէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական ինֆորմացիա այն մասին, որ դա դեմարշ է կամ բոյկոտ՝ ի պատասխան գազի գնի բարձրացման, չկա: Մանավանդ, որ թե նախագահը եւ թե լրահոսին հետեւող ՀՀ մնացած քաղաքացիները առնվազն մեկ տարի առաջ գիտեին, որ գազը թանկանալու է: Իսկ բոյկոտի եւ դեմարշի վարկածի դեմ վկայում է թերեւս այն, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի նիստին: Բայց ոչ: Սկզբում վերլուծաբանները գալիս են այն միանշանակ եզրակացության, որ Սերժ Սարգսյանը բոյկոտում է ՀԱՊԿ-ը, իսկ հետո ավելի խորանում՝ բոյկոտի վարկածը հորինել է հենց իշխանությունը՝ նախագահի վարկանիշը բարձրացնելու նպատակով: Եվ այստեղ այդ տեսության հեղինակներին օգնության է գալիս Ուելսի արքայազն Չարզլը, որը նույն ժամանակահատվածում եկել է Հայաստան: Դե, գիտեք՝ աշխարհի ամենաազդեցիկ մասոնական օթյակը Լոնդոնում է՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 4 ամիսներին միայն օդային ճանապարհով Հայաստանից մեկնածների թիվը 41.5 հազարով մեծ է Հայաստան ժամանածների թվից: Փաստորեն ընդամենը 4 ամսվա ընթացքում միայն 2 օդանավակայաններով Հայաստանից հեռացել է երկրի բնակչության 1.3 տոկոսը: Բայց Հայաստանից օրական 8-10 ավտոբուս է մեկնում Ռուսաստան, եւ մեկնողների մեծ մասն արտագաղթում է: Այսինքն` այդ նույն ժամանակահատվածում առնվազն 20-25 հազար մարդ էլ ցամաքային ճանապարհով է լքել Հայաստանը: Ստացվում է, որ 4 ամսում Հայաստանի բնակչությունը նվազել է 2.2 տոկոսով: Հայաստանի բնակչության բնական աճը, հիշեցնենք, կազմում է տարեկան մոտավորապես 15 հազար, այսինքն` 4 ամսում Հայաստանից հեռացել է 4.5 անգամ ավելի շատ մարդ, քան մի ամբողջ տարվա բնական աճն է: Իշխանությունները, հասկանալի է, այս ամենի հետ հեչ կապ չունեն: Պատճառը գաղջ մթնոլորտն է: Եվ իհարկե` Ազգային վիճակագրական ծառայությունը, որն առանձնակի դաժանությամբ հրապարակում է այս ազգադավ թվերը եւ ջուր լցնում մեր թշնամիների ջրաղացին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG