Մատչելիության հղումներ

Անշարժ գույքի գործակալները փաստում են` գույքը շտապ վաճառողների թիվը աճել է


Անշարժ գույքի գործակալները փաստում են, որ 2013 թվականին անշարժ գույքի շուկայում գների կտրուկ աճ կամ անկում տեղի չի ունեցել:

«Ռիելթի Գրուպ» անշարժ գույքի գործակալության գործակալ Գուրգեն Չոբանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ եթե գների տատանում նկատվում է, ապա այն պատճառով, որ մոտ 5-10 տոկոսով աճել է անշարժ գույքը շտապ վաճառողների թիվը, ովքեր բնակարանները վաճառում են շուկայականից ցածր գներով:

Գործակալները փաստում են, որ եթե նախկինում իրենք հստակ գիտեին, թե ինչպիսին է անշարժ գույքի շուկայում գնային քաղաքականությունը, ապա այսօր դրա մասին խոսել դժվարանում են: «ՆՌԱՆ» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Հրաչյա Բուդաղյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, խոսելով պատճառների մասին, ասում է. - «Մենք նկատում ենք, որ գնորդների թիվը աստիճանաբար պակասում է, իսկ վաճառողների թիվը մի քանի անգամ ավելանում է: Եթե նախկինում մասնագետները կարողանում էին գնահատել տարածքներն, այսօր արդեն չեն կարողանում, որովհետեւ գինը թելադրում են գնորդները: Այսինքն ովքեր ունեն կանխիկ գումար, կամ բանկի միջոցով են գնում բնակարաններ, իրենք մեծ ընտրության հնարավորություն ունեն եւ այդ մեծ ընտրության հնարավորությունից ելնելով թելադրում են տան գները: Ես ասել եմ ու ասում եմ` այսօր հարյուր վաճառողին մեկ գնորդ է հասնում»:

Չոբանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս փաստում է, որ գնորդների թիվը նվազել է: Նշում է, որ եթե նախկինում սպասարկում էին օրական 3 հաճախորդի, ապա այսօր այդ թիվը չի գերազանցում մեկը:

Հրաչյա Բուդաղյանն էլ ասում է, որ այս տարի անշարժ գույքի շուկայում գնային առումով փոփոխություններ չկան: Կենտրոնում մեկ քառակուսի մետրի գինը տատանվում է 1300-ից մինչեւ 2000, Արաբկիրում` 800-1200, իսկ ծայրամասերում 600- 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նորակառույցներում մեկ քառակուսի մետրը` կենտրոնում 1500-2500, Արաբկիրում 800-1300, իսկ մնացած ծայրամասերում` 700-800 դոլար արժե:

«Եթե այն ժամանակ 10 բնակարանից մեկն էր վաճառում, գնում քաղաքից, ապա այսօր, վստահ կարող եմ ասել, այն գույքերը, որոնք դուրս են գալիս վաճառքի, վաճառվում են դուրս գնալու նպատակով: Եթե սուտ չասեմ 10-ից 3-ը վաճառում է դուրս գնալու նպատակով: Եթե գույքը թանկ արժե, մեծ է, կենտրոնում է, սեփականատերը, որպես կանոն, ինչ-որ բան ձեռք է բերում ծայրամասում, նոր է մեկնում, իսկ եթե բնակարանը գտնվում է ծայրամասում, դա վաճառվում է եւ մարդիկ այդ գումարով փորձում են արտասահմանում ինչ-որ բան ձեռք բերել»,- ասում է «Ռիելթի Գրուպի» գործակալ Գուրգեն Չոբանյան:

«Այսօր քիչ չէ արտասահման մեկնողների թիվը, սակայն դա քաղաքականացնել չեմ ցանկանում: Հիմա հիմնականում մարդիկ ոչ թե վաճառում են պետությունից դուրս գալու համար, այլ վարձով են տալիս, որովհետեւ գնում են ինչ-որ բան ուրիշ պետությունում փորձելու: Մենք հաճախորդներ ունենք, որ արտասահմանից զանգահարում են, ասում են իրենց գործերն այնտեղ հաջողվել է, ասում են` վաճառեք մեր բնակարանը, բայց հիմնականում վարձով են տալիս», - ասաց «ՆՌԱՆ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հրաչյա Բուդաղյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG