Մատչելիության հղումներ

Մայիսի 25-ի մամուլ


«168 ժամ»-ը «Հաղորդում խմբակային հանցագործության մասին» վերնագրի ներքո գրում է. - « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում հոդված կա՝ «իմանալ- չհայտնելու» հատկանիշներով: Այդ հոդվածով մեղադրվում են այն հանցագործները, ովքեր տեղյակ լինելով ապօրինության մասին, միտումնավոր՝ շահադիտական կամ այլ նպատակներով, այդ մասին չեն հայտնում իրավապահ մարմիններին: Երեկ հայտնի դարձավ, որ գրեթե նույն կերպ են վարվել նաեւ ՀՀ իշխանությունները՝ քաղաքացիների նկատմամբ: Պարզվում է, գազի սակագինը թանկացել է այս տարվա ապրիլի 1-ից, մինչդեռ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը սակագնի բարձրացման մասին հայտ է ներկայացրել միայն մայիսի 14-ին: Այսինքն՝ իշխանությունները («ՀայՌուսգազարդի» հայտը, տվյալ դեպքում, ընդամենը ձեւականություն է) ուղիղ մեկուկես ամիս հանրությունից գաղտնի են պահել այն իրադարձությունը, որն իր նշանակությամբ լայն իմաստով հավասարազոր է հանցագործության: Դժվար է ասել, թե ինչպիսի հանցատեսակներով կարող է հասարակությանը հասցվել այն վնասը, որը հասցվելու է գազի ու, շղթայաբար, նաեւ կենսական նշանակության մյուս ապրանքատեսակների թանկացման արդյունքում: Իշխանությունները, սակայն, այդ տեղեկատվությունը գաղտնի են պահել, հասկանալի է՝ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ հասարակության շրջանում դժգոհության ալիք չբարձրացնելու, այդպիսով՝ սեփական իշխանությունը չվտանգելու շահադիտական նկառումով»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Երբ իշխող կուսակցության ներկայացուցիչներն անթաքույց հրճվում են քաղաքական հակառակորդների սխալներով ու վրիպումներով, առիթը բաց չեն թողնում իրենց չեղած-չունեցած «ուժն» ու քվեները նրա երեսով տալու համար, հասկանում ես, որ մենք պոռոտախոս ենք ու թույլ: Երբ իշխանությունն սկսում է աջակցել միայն նրանց, ումից վտանգ է տեսնում, ընդ որում՝ վտանգ սեփական աթոռների համար, ակնհայտ է դառնում, որ քրիստոնեական գաղափարներն ու աստվածաշնչյան պատվիրանները մեզ խորթ սկզբունքներ են: Այս պարագայում էլ ինչո՞ւ զարմանալ, երբ տարեց պատգամավորը չորս զավակի տեր կնոջը բարձր ամբիոնից անբարոյական է անվանում: Էլ ինչո՞ւ վրդովվել, երբ ցամաք հացի կարոտ բնակչությամբ երկրում մի քանի հազար մարդու ամեն օրվա ծախսը ոմանց տարեկան եկամտին է համազոր: Վերջապես՝ ինչո՞ւ զարմանալ, որ երկիրն աղքատ է ու գնալով ավելի է աղքատանում»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Վերջին շրջանում իշխանական քարոզչամիջոցներն ավելի ու ավելի հաճախ են շրջանառության մեջ դնում այն գաղափարը, թե ընդդիմությունը կատարելապես ձախողվել է եւ իրենից ոչինչ չի ներկայացնում, ուստի իշխանությունները լավ են անում, որ նվաստացնում են ընդդիմությանը: Ընդ որում` կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներից հետո այս խոսակցություններն ավելի են ակտիվացել: Սկսենք նրանից, որ «ընդդիմությունը ձախողվել է» արտահայտությունը ինքնին տխմարություն է, որովհետեւ չձախողված ընդդիմություն չի լինում: Եթե ընդդիմությունը չի ձախողվում, դառնում է իշխանություն: Աշխարհում չկա այնպիսի երկիր, որտեղ ընդդիմությունը հաջողության հասնի եւ շարունակի մնալ ընդդիմություն: Ով ձախողվում է, նա էլ ընդդիմություն է դառնում»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Գրեթե օր չի անցնում, որ ընդդիմադիր դաշտի գործիչներից որեւէ մեկը սրտաճմլիկ հայտարարություններ չանի, թե երկրում սոցիալական բունտ է սպասվում: Երկրում տնտեսական, սոցիալական ու բարոյահոգեբանական առումներով իսկապես բարդ ու որոշակի իմաստով նաեւ լարվածության ընդգծված տարրեր պարունակող իրավիճակ է։ Բացի այն, որ հասարակության ամենատարբեր շերտերում կուտակված բողոք ու դժգոհություն կա, իրավիճակի լարվածության ավելացմանը նպաստում են նաեւ արդեն որոշ ապրանքատեսակների թանկացումները, գազի սակագնի բարձրացման սպասումը՝ դրա գնաճային բացասական հետեւանքներով հանդերձ։ Այս ամենը կա, ինչպես եւ չի վերացել բարձր ու վտանգավոր նիշի հասած աղքատության աստիճանը։ Այսինքն՝ այնպես չէ, թե սոցիալական խռովության մասին ընդդիմադիր գործիչների, առանձին վերլուծաբանների ու քարոզիչների հայտարարությունները բացարձակապես օդից են վերցված։ Ո՛չ, իհարկե։ Բայց, մյուս կողմից, նրանք հատկապես ի՞նչն են հրամցնում որպես սոցիալական խռովություն, կամ ինչպես ասում են՝ «բունտ» կամ դրա նախանշաններ։ Արժե ուշադրություն դարձնել նաեւ այն հանգամանքի վրա, որ խռովությունները կամ բունտը ենթադրում են անվերահսկելի իրավիճակ։ Մինչդեռ նման բան մեր իրականության մեջ չի դիտարկվում։ Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա պայմաններում նույնիսկ տարօրինակ կլիներ, եթե բողոքի ցույցեր կամ դրսեւորումներ չլինեին։ Սակայն, անկախ նրանից, որ բունտը գուցե ոմանց «վարդագույն երազանքն» է, այդ դրսեւորումներն ու դժգոհության, բողոքի առկայությունը, առհասարակ, դեռ չեն նշանակում, թե երկրում արդեն սոցիալական բունտ է, կամ ինչ-որ ուրվականներ են երկրի դարպասները բախում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG