Մատչելիության հղումներ

ԱԺ-ն քննարկում է «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունը


Նոր նախաձեռնությամբ «Ժառանգություն»-ը պահանջում է ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:

Ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ դրա նպատակը ընտրական գործընթացների եւ ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակական վստահության բարձրացումն է:

«Մեր պետության յուրահատկությունը այսօր հետեւյալն է, որ [բնակչության] կեսից ավելին բացակայում է Հայաստանից եւ կեսից ավելին, պարզվում է, մի քանի անգամ ավելի մասնակցում է ընտրություններին», - Ազգային ժողովում այսօր հայտարարեց Հակոբյանը:

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ժառանգության» նախաձեռնությանը: Այս կարծիքը կիսում է նաեւ Կառավարությունը: Իշխանությունը պնդում է, որ ընտրողների ցուցակների հրապարակումը խախտում է ընտրության գաղտնիության սկզբունքը, որն ամրագրվում է Սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանի դիրքորոշմամբ: Նաեւ Վենետիկի հանձնաժողովն է այդ կարծիքին:

Երբ ընդդիմադիրները իշխող քաղաքական ուժին հիշեցրին, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները խորհրդատվական բնույթ ունեն, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը (ՀՀԿ) ասաց. - «Քանի որ մենք պարտավորություններ ունենք Եվրոպական խորհրդի առջեւ, մենք պետք է այս կարծիքները հաշվի առնենք»:

Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») հակադարձեց. - «Տպավորությունն այնպիսին է, որ երբ մեզ պետք է հղում անել միջազգային կառույցներին, Վենետիկի հանձնաժողովին, այդ կառույցները մեզ համար դառնում են Բրյուսել, Տիզբոն, Մոսկվա… Իսկ երբ պետք չի լինում այդ կառույցներին հղում անելը, Հայաստանի իշխանությունների համար ոչ բարեհունչ գնահատականներ են լինում, պարզվում է, որ մենք ինքնաբավ պետություն ենք, եւ բացարձակապես միջազգային կառույցների խորհրդատվությունից կամ նրանց ցուցումներից օգտվելու անհրաժեշտություն չկա: Այո, Վենետիկի հանձնաժողովը տվել է նման եզրակացություն, բայց Վենետիկի հանձնաժողովականները որեւէ կերպ չեն կարող պատկերացնել, որ Հայաստանում ընտրությունների օրը արտագաղթը հասցվում է զրոյական մակարդակի»:

Իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի այն որոշմանը, որին հղում է կատարում իշխանությունը. - «2003 թվականին Սահմանադրական դատարանը այդ որոշումը կայացրել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումով: Բացի այդ դիրքորոշումը, Սահմանադրական դատարանը նաեւ ասել էր, որ պետք է վստահության հանրաքվե արվի: Այսինքն` եթե պարտադիր էր այդ դիրքորոշումը, պետք է վստահության հանրաքվեն էլ լիներ պարտադիր»:

«Ընտրական պրոցեսի նկատմամբ վստահության պակասը լուրջ խնդիր է մեր երկրում», - ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` պատրաստակամություն հայտնելով քննարկել լուծման ուղիները:

Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») արձագանքեց. - «Աշխատեք: Մենք առաջարկում ենք: Ընդունեք մեր առաջարկը, բարձրացրեց ժողովրդի վստահությունը ընտրությունների նկատմամբ»:

«Սա գործիք է, կոմպրոմիս է: Գնացեք այս քայլին: Դեմը չորս տարի կա` եթե հերթական ընտրություններով եք նայում: Աստված գիտի, թե ինչքան ժամանակ է մնում` եթե արտահերթով գնանք: Բայց եթե այսպես շարունակեք, կարծում եմ, Աստված ականջալուր կլինի, եւ շուտ կլինի օրը»:

«Եթե մերժում եք սա` մի հարց եք լուծում` պահում եք այս նորմը, որպեսզի կարողանաք վերարտադրվել», - նշեց Ռուբեն Հակոբյանը:

Ընտրացուցակների հրապարակմանը կողմ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները համոզված են, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություն առաջարկող այս նախագիծը մերժվելու է, քանի որ դրան դեմ է մեծամասնություն կազմող եւ որոշիչ ձայն ունեցող Հանրապետականը:

Օրինագիծը քվեարկության կդրվի, ամենայն հավանականությամբ, վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG