Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահը «չի գտնվել շահերի բախման իրավիճակում»


Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը եզրակացություն կայացնելուց երկու շաբաթ անց այն տրամադրեց «Ազատություն» ռադիոկայանին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի եւ քաղաքացի Ռ. Նիկողոսյանի դիմումներում եւ ներկայացված հրապարակումներում նշված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին եզրակացնելու, որ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանը «Ապեյրոն» եւ «Մեգամոթորս» ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում: Այդ մասին ասված է ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման հանձնաժողովից այսօր տրամադրված եզրակացությունում, որը կայացվել է դեռ մայիսի 3-ին, սակայն մինչ օրս չէր հրապարակվել:

Միաժամանակ, հանձնաժողովը նշում է, որ «դիմումներում նշված փաստերից իրականությանը համապատասխանում է այն, որ միայն «Ապեյրոն» եւ «Մեգամոթորս» ընկերություններն են, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով պատկանում են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց` նրա զավակներին»:

Բացի այդ, հանձնաժողովը փաստում է, որ «ինչպես հանձնաժողովին ներկայացված դիմումներում, այնպես էլ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չեն եկել փաստեր, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը իր լիազորությունների շրջանակում կատարել է այնպիսի գործողություն կամ ընդունել է այնպիսի որոշում, որը ինքնին օրինական լինելով հանգեցրել է կամ նպաստել «Ապեյրոն» եւ «Մեգամոթորս» ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը»:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Թրանսփարենսի Ինթենեշնլ»-ը դիմել էր դեռ անցած տարվա դեկտեմբերի 17-ին` հիմք ընդունելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումները:

Ըստ օրաթերթի, Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր: Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, ՊԵԿ նախագահի անվան հետ են կապվում նաեւ այլ ընկերություններ, ինչպես օրինակ, ««Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում եւ արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը եւ այլն»:

Հակակոռուպցիոն կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման եւ միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը եւ լիազորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG