Մատչելիության հղումներ

«Սպայկա»-ի շենքում այսօր եւս հրշեջներ են հերթապահում


«Սպայկա» ընկերության շենքի մոտ, որտեղ լույս հինգշաբթի գիշերը բռնկված հրդեհը հաջողվել էր մարել միայն կեսօրից հետո, այսօր հրշեջներ են հերթապահում:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկակար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հրշեջները երեկ մինչեւ ուշ երեկո աշխատել են տարածքում:

Արդեն լույս ուրբաթ գիշերը` ժամը 1-ին ահազանգ էր ստացվել, որ շենքում նորից հրդեհ է բռնկվել: Նիկոլայ Գրիգորյանի փոխանցմամբ, տեղում պարզվել է, որ բռնկվել էր մեկ քառակուսի մետր տարածք:

«Այսօր ժամը առավոտյան 10-ի սահմաններում տարբեր հարկերում փոքր հատվածներում բռնկվել էին ծիրանի չրի պարկերը փոքր-փոքր հատվածներում, որը մեր հրշեջ ջոկատները մարեցին», - հավելեց Գրիգորյանը:

Այսօր կեսօրից հետո դեպքի վայրում աշխատում էր երկու մարտական հաշվարկ: Գրիգորյանն ասաց, որ մեկ մարտական հաշվարկ հերթապահելու է ամբողջ օրվա ընթացքում:

Հարցին, թե արդյոք շենքում պահպանված են եղել հակահրդեհային կանոնները, Գրիգորյանն արձագանքեց. - «Եթե խախտում չլիներ, հրդեհ չէր լինի: Իսկ ինչ վերաբերում է խախտումներին, թե եղել են եւ ինչպիսի, ապա դա միայն կպարզի արդեն հետաքննությունը»:

Գրիգորյանը նաեւ ասաց, որ երեկ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել են երկու հրշեջ. - «Մեկը ոտքի վնասվածք էր, գիպս դրեցին, մյուսը թեթեւ ծխահարում էր, որը հեշտ հաղթահարվեց»:

Կառավարություն երեկվա նիստում վարչապետՏիգրան Սարգսյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանին հանձնարարել էր տարածքներ հատկացնել ընկերությանը, որպեսզի սեզոնային մթերումները չտուժեն:

«Հանձնարարությունը նոր է եղել, առայժմ ոչինչ չենք արել», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց.Կարապետյանը:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
«Սպայկա» ընկերությունը, հիշեցնենք, զբաղվում է գյուղմթերքի մթերմամբ, սառեցմամբ եւ արտահանմամբ: Հարցին, թե որքանով կարող է հրդեհի հասցրած վնասը ազդել գյուղմթերքի արտահանման շուկայի վրա, նախարարն արձագանքեց. - «Ինձ թվում է, չի անդրադառնա: Որովհետեւ, բացի իրենցից, բազմաթիվ արտահանողներ կան: Եվ երեկ իրենց աշխատողն ասաց, որ շարունակելու են իրենց աշխատանքը: Հիմա էլ իրենք կարտոֆիլի մթերումներ են կազմակերպում Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում»:

Սերգո Կարապետյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքն առնչություն ունի «Արարար ֆրութ» ընկերությանը. - «Ես ընդհանրապես առնչություն չունեմ: Դա բամբասանքներ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG