Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը շարունակելու է «քաղաքական օրակարգ առաջարկել»


«Բարեւ, Երեւան» դաշինքի
«Բարեւ, Երեւան» դաշինքի
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի նորընտիր ավագանիում «Բարեւ, Երեւան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը այսօր հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները տասը քայլով հետ էին վերջին եւ նախագահական, եւ խորհրդարանական ընտրություններից, բայց ավագանու մանդատները վերցնելը ապօրինի այդ ընտրության արդյունքները լեգիտիմացնել չի նշանակում:

«Բարեւ, Երեւան» դաշինքը դատական կարգով վիճարկում է ընտրության արդյունքները` պահանջելով անվավեր ճանաչել այդ ընտրությունները: Դաշինքը Վարչական դատարան է ներկայացրել քրեական եւ վարչական խախտումների մասին 9 հատոր նյութ` շուրջ հազար էջ ընդհանուր ծավալով:

«Ի տարբերության նախկին ընտրությունները վիճարկած հայցադիմումների եւ դրանց կից դատարաններ ներկայացված փաստական նյութի, ներկա հայցադիմումի ողջ փաստական նյութը քաղված է բացառապես չորս աղբյուրներից՝ ա/ ՏԸՀ գրանացամատյանների պատճեններ, բ/ հատուկ կարծիքների եւ արձանագրությունների պատճեններ, գ/ վերահաշվարկի գործընթացում արձանագրված դիտարկումներ, դ/ Transparency International ՀԿ դիտորդների վկայություններ»,- նշված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հայցադիմումի` ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, պարբերական բնույթ եւ ազդել են ընտրությունների արդյունքների վրա:

«Այսպիսի իրավիճակ ոչ խորհրդարանական ընտրություններում կար, ոչ նախագահականի ժամանակ, երբ ընտրակաշառքը քիչ էր մնում տեղամասի մեջտեղում բաժանեին… տեղամասի առջեւ բաժանում էին մեքենաների մեջ, դրանից առաջ երեկոյան բաժանել էին… Կամ այդ... հեղինակություններ էլ չեն ախր, խաժամուժի նման տեղամասերում լիքն էին. ընտրությունները լրիվ վերահսկվեցին», - հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը:

Այս իրավիճակի պատճառը նա համարում է այն, որ նախագահական ընտրություններում «վերջին շնչում ձայնագողության արդյունքում դե ֆակտո իշխանությունը հազիվ պահած» իշխանությունները այս անգամ վախեցան եւ գործի դրեցին «կեղծիքատակտիկական բոլոր հնարքները»:

Ընդգծելով, որ «Բարեւ, Երեւան»-ը միակ ուժն էր, որին հաջողվեց առանց կեղծիքները հաղթահարել նվազագույն շեմը եւ 6 մանդատ ստանալ, Մարտիրոսյանը ճիշտ չի համարում բոյկոտն ու իրենց վստահություն հայտնած ժողովրդի վստահությունը չարդարացնելը:

«Իհարկե, ծանր պարտականություն է մեզ վրա դրվում դրանով, բայց ցանկացած պարագայում փորձելու ենք այն իրականացնել միանշանակ, իրենց հանգիստ չենք թողնելու շնչեն, փորձելու ենք այդ հսկայական ատկատները նվազեցնենք: Եթե 2009-2013 թվականներին ավագանիում գործեր ընդդիմություն, թեկուզեւ նվազ արդյունավետությամբ, մոտավոր հաշվարկներով 200 միլիոն դոլարի ատկատ կարելի էր խնայել», - ասաց Մարտիրոսյանը:

Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության ստացած ցածր տոկոսների համար Մարտիրոսյանը մեղադրում է նաեւ ընդդիմադիր դաշտին` հայտարարելով, որ ընտրողը պատժեց ընդդիմադիրներին «ոչ ճիշտ գործունեության», իշխանության դեմ պայքարելու փոխարեն մեկը մյուսի դեմ պայքարելու, նաեւ կեղծ ընդդիմություն ներկայացող քաղաքական ուժի գործունեությունը հովանավորելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Երեւանի ավագանու կազմում ընդգրկվելով ավարտվո՞ւմ է «Ժառանգություն» կուսակցության հրապարակային պայքարը, Մարտիրոսյանը պատասխանեց, որ ավագանի մտնելը պայքարի մի փուլ է, կուսակցությունը պետք է շարունակի քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը միավորելու փորձերը:

«Մենք քաղաքական օրակարգ ենք անընդհատ առաջարկելու, առաջարկում եւ փորձելու ենք այդ օրակարգը կյանքի կոչել: Հայաստանին պետք է այլեւս քաղաքական, քաղաքացիական պայքար: Այսքանից հետո եթե ընդդիմությունը հասկանա, որ նեղ անձնական շահերից պետք է դուրս գա, մեկը մյուսի դեմ պայքարելու գործընթացից պետք է դուրս գա, եւ միասին` բովանդակային առումով, ոչ թե խոսքերով, պայքարեն, ես համոզված եմ, իշխանությունները այնքան թույլ են, որ հասարակությունը եթե միասնական ընդդիմություն տեսնի, անմիջապես բոլորովին նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի, եւ այդտեղ արտահերթ զարգացումները, արտահերթ ընտրությունները ընդամենը շատ կարճ ժամանակի խնդիր կլինեն», - ամփոփեց Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG