Մատչելիության հղումներ

Մայիսի 17-ի մամուլ


«ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Այն, ինչ անում է Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, այլ կերպ, քան ռազմավարական ավանտյուրա համարելը դժվար է: Ռուսաստանը Հայաստանի համար սահմանում է գազի մի այնպիսի գին, որը մեր երկրի տնտեսությունը կանգնեցնելու է լրջագույն խնդիրների առջեւ, որը կարող է պարզապես խթանել արտագաղթի նոր ալիք Հայաստանում, կամ էլ պետությանը ստիպելու է նորանոր արտաքին պարտքեր կուտակել սոցիալական հետեւանքները մեղմելու համար: Մի խոսքով, Ռուսաստանը Հայաստանի անվտանգությանը հասցնում է տնտեսական մի այնպիսի հարված, որից Հայաստանը դեռ երկար ժամանակ ուշքի չի կարող գալ: Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանություններին պարզապես փորձում է պատժել Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու համար»:

«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա ասում է. - «Վերջերս ոչ մեկ անգամ առիթ եմ ունեցել խոսելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հռչակած բուրժուադեմոկրատական հեղափոխության ստվերային կողմերի մասին։ Ասել եմ, որ փորձում են դրսի ուժերի հետ միասին իրականացնել սահուն իշխանափոխություն. այդ սցենարը կա, եւ դրա հիմնական դերակատարը պետք է լիներ «Բարգավաճը»։ Բայց, մյուս կողմից, օլիգարխիկ կառույցը ո՞նց կարող է ընդդիմություն լինել Հայաստանում։ Ծառուկյանը հասկանում է՝ ընդդիմություն դառնալուց հետո սնանկանալու է եւ հայտնվելու է շատ ավելի վատ վիճակում, քան ունեզրկված կամ որեւէ հնարավորություն չունեցող ցանկացած քաղաքացի։ Մենք 17 տարի ընդդիմություն ենք՝ դիմանում ենք, իրենք փափկասուն են՝ ո՞նց են դիմանալու։ Այս առումով, Ծառուկյանը շատ ճիշտ է ասել՝ իրենք ընդդիմություն չեն եղել ու չեն էլ լինի»։

«Ժողովուրդ»-ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր (ԲՀԿ) Ստեփան Մարգարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչո՞ւ է ԲՀԿ-ն այդքան համառորեն խուսափում ընդդիմություն լինելուց: Ընդդիմադիր լինելը վա՞տ բան է»: Պատասխան. - «Ես չեմ կարծում, որ ընդդիմություն լինելը վատ է կամ լավ է, ընդդիմություն լինելը կախված է նշված ուժի տեսակետից այս կամ այն հարցի շուրջ: Ես միշտ ասել եմ, որ մենք կառուցողական դաշտում ենք գտնվում: Որ ասում եք` բոյկոտել կամ դեմ քվեարկել, ապա դրանք այն հարցերն են, որոնք համարում ենք ոչ ճիշտ: Եվ բազմաթիվ հարցեր կան, որ մենք պաշտպանել ենք, աջակցել ենք եւ կողմ ենք քվեարկել: Ու մենք կշարունակենք այդ գիծը: Մենք համարում ենք, որ դա է ճիշտը»:

«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Իգիթյանն ասել է. - ««Անկախ վերջին նախագահական ընտրության արդյունքից՝ Հայաստանում մթնոլորտը մի քիչ փոխվեց: Րաֆֆին կարողացավ ոչ միայն Երեւանում, նաեւ այլ փոքր քաղաքներում, գյուղական բնակավայրերում մարդկանց՝ իշխանության դեմ խոսելու տաբուն ջարդել՝ բարի, ոչ ագրեսիվ տոնայնությամբ ու հայտարարություններով: Այս իրավիճակում ընդդիմադիր ուժերի համար ավելի հեշտ կլինի աշխատել ժողովրդի հետ»: Ըստ Իգիթյանի` այդ ամենը ոչ այնքան իշխանության բարյացակամության արդյունքում եղավ, որքան իրավիճակի փոփոխության եւ սոցցանցերի զարգացման. - «2008-ին մարդիկ ոչ միայն բանտերում էին, այլեւ մեկ ընդդիմադիր ելույթի համար աշխատանքից էին ազատվում: Հիմա դա մի քիչ մեղմացել է, եւ եթե այսպես շարունակվի, ժամանակն է, որ Հայաստանում իրավիճակը որակապես փոխվի»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Տառացիորեն մայիսի 6-ից՝ ընտրությունների հաջորդ օրվանից, մեզանում ինչ-որ պրոցեսներ սկսվեցին, որոնց հետեւանքները կարող են աղետալի լինել մեր երկրի համար: Գուցե դրանց մի մասը բնական ու անխուսափելի է՝ բնական աղետի ու բնականոն գնաճի տեսքով, սակայն դրանից երեւույթների բացասական բնույթը չի փոխվում եւ անկանխատեսելի հետեւանքները չեն վերանում: Կարկուտ, հրդեհ, գազի գների թանկացում, սպանություններ ու ինքնասպանություններ, արտագաղթ: Շատ կուզենայինք այս շարքն ընդմիջել բարի լուրերով, սակայն անգամ նոր եկեղեցու բացումը դրական էմոցիաներ չի առաջացնում՝ արարողությունից հետո տոնական սեղանների մոտ սովահար մարդկանց պահվածքի շոկը դեռ չի անցել: Սակայն ամենամտահոգիչը գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետ կապված խուճապն է, որը համակել է բոլորին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG