Մատչելիության հղումներ

Տավուշում զինծառայող է սպանվել


Տավուշի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի առնչությամբ մեկ ձերբակալված կա. ինչպես տեղեկացանք Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունից, ձերբակալվածը 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանն է, ով կասկածվում է ծառայակիցներից մեկին սպանելու, մյուսին ծանր վնասվածք հասցնելու մեջ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեպքը տեղի է ունեցել երեկ ցերեկը, ժամը 15:30-ի սահմաններում: Զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է, իսկ մյուս զինծառայողը`19-ամյա Հրաչյա Սարգսյանը` գլխից վիրավորվել:

Սարգսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:

Միջադեպի վերաբերյալ մանրամասներ առայժմ պաշտոնապես չեն հաղորդվում:

Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն, միջադեպին նախորդել է ինչ-որ վիճաբանություն Լյուքս Ստեփանյանի եւ Դավիթ Խաչատրյանի միջեւ, եւ վերջինս կրակել է ծառայակցի վրա, իսկ թե ինչ հանգամանքներում է Հրաչյա Սարգսյանը ծանր վիրավորվել, դեռեւս հստակ չէ:

Վիրավոր զինվորը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից է. նրանց տուն այսօր մեր այցելության ժամանակ զինվորի հորեղբայրը` Տարոն Սարգսյանը պատմեց, որ իր տեղեկություններով, եղբորորդին նույն փամփուշտից է վիրավորվել, որից մյուս զինվորը սպանվել է:
Հարազատներին ասել են, որ Դավիթ Խաչատրյանը պատահաբար է կրակել. – «Ասում են` կատակ են արել իրար հետ, միամտաբար կրակվել է: Հզոր զենք է եղել` ԱԿՄ, առաջինի ճակատից մտել է՝ հետեւից դուրս է եկել, տեղում մահացել է։ Այդ նույն փամփուշտն անցել, կպել է եղբորս տղայի գլխին: Իրենց ասելով դա է, չգիտենք: Կռիվ չի եղել, իրար հետ նստած են եղել, ասում են, կատակով լեզվակռիվ են արել, զենքը բացվել է… հիմա թե բացել է, թե միամտաբար է բացվել, դա էլ չենք կարող ասել: Հիմա բժիշկները հույս են տալիս, որ կյանքը կփրկեն.. թե ոնց կլինի, իրենք էլ չգիտեն: Կռվարար տղա չէ։ Ինքը, եթե կռիվ լիներ, հարյուր տոկոսով չէր խառնվի: Իր վիրավոր տեղն անմիջապես կողքից է, դեմ դիմաց չի, որ ասենք կռվից է եղել»,- ասաց հորեղբայրը,- «Մենք իմացել ենք ժամը 6.30, զինկոմիսարիատից տեղեկություն տվեցին, սպասեցինք, բերեցին Երեւանի հոսպիտալ, գնացինք, ոչ խոսում է, ոչ մի բան: Օպերացիան վերջացրել են, վիճակը ծայրահեղ ծանր է, անհույս սպասում ենք, տեսնենք, կկարգավորվի, թե` չէ, որովհետեւ գլխին է անմիջապես, ուղեղի հետ կապված է։ Հույս են տալիս մի 3-4 օրից կոմայից հանեն, տեսնենք ինչ կլինի: Մյուս ամիս ծառայության մի տարին լրանում է, արձակուրդ էին խոստացել… Ցմահ ուղարկեցին օտպուսկ»:

Վիրավոր զինվորի ծնողները Ռուսաստանում են, լուրն իմանալուն պես ճանապարհ են ընկել, որպեսզի գան: Պապը` Ռազմիկ Սարգսյանը, պատմեց, որ Հրաչյան եւս Ռուսաստանում ծնողների մոտ է բնակվել, անցյալ տարի է Հայաստան վերադարձել` հատուկ բանակ գնալու նպատակով: Զորակոչվել է 2012-ի գարնանը։ Ասում էին՝ ծառայությունից երբեւէ չի բողոքել։

«Հայրը բերեց էստեղ, գնաց ծառայության: Մեկ-մեկ զանգում խոսում էինք, դեպքից մի օր առաջ եմ հետը խոսել, ասաց` լավ եմ»,- պատմեց պապը,- «Գնացի հոսպիտալ երեխու վիճակը տեսա… կանգնեցի մոտը, բժիշկը խնդրեց չխոսեցնեմ, լաց չլինեմ»:

«Պոստ են պահում, զենք են բռնում, բա մի ստարշի չլինի գլխներին։ 18 տարեկան երեխու ձեռքը զենքը տաս, մի ստարշի չունենա գլխին։ Մի օֆիցեր եթե լիներ մոտները, նման բան կլինե՞ր։ Չէր լինի»,- վրդովված ասում էին Հրաչյա Սարգսյանի տան մոտ հավաքված բարեկամները:

Ձերբակալված Դավիթ Խաչատրյանը Երեւանի Արաբկիր վարչական շրջանից է, սպանված Լյուքս Ստեփանյանը՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից: Նրանք նույնպես մեկ տարվա զինծառայողներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG