Մատչելիության հղումներ

Արտակարգ միջադեպ Տավուշի զորամասում. մեկ զինծառայող սպանվել է, մեկը` ծանր վիրավորվել


Հայաստանի Զինված ուժերի զորամասերից մեկում, արխիվ
Հայաստանի Զինված ուժերի զորամասերից մեկում, արխիվ
Տավուշի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի առնչությամբ, որի հետեւանքով մեկ զինծառայող սպանվել է եւ մեկը` ծանր վիրավորվել, ձերբակալվել է վերջիններիս ծառայակիցը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, ձերբակալվածը 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանն է:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 15:30-ի սահմաններում, զորամասի պահակախմբում: Պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է, ինչի հետեւանքով Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է, Հրաչյա Սարգսյանը` նույնպես գլխից ծանր վիրավորվել: Ե՛վ Ստեփանյանը, ե՛ւ Սարգսյանը պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայողներ են:

Ըստ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տեղեկատվության, Սարգսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:

Հրաչյա Սարգսյանը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից է զորակոչված, Լյուքս Ստեփանյանը` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից, իսկ Դավիթ Խաչատրյանը` Երեւանի Արաբկիր վարչական շրջանից:

Միջադեպի այլ մանրամասներ առայժմ պաշտոնապես չեն հաղորդվում:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` միջադեպին նախորդել է վիճաբանություն Լյուքս Ստեփանյանի եւ Դավիթ Խաչատրյանի միջեւ, եւ վերջինս կրակել է ծառայակցի վրա: Նախնական տեղեկություններով, Խաչատրյանը մի քանի կրակոց է արձակել` գլխի հրազենային վնասվածք հասցնելով նաեւ Հրաչյա Սարգսյանին: Վիճաբանության պատճառը դեռ հայտնի չէ:

Նախաքննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով` «սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», հարուցված քրեական գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG