Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը, քաղաքական միտումներով, հակահայ միջնորդագիր է ներկայացնում ԱՄՆ Գերագույն դատարան


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Անցյալ տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հարցրել էր Օբամայի վարչակազմին, թե արդյոք պետք է վերանայի Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը չեղյալ էր համարել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում կյանքի ապահովագրության հայցերի վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆորնիայի օրենքը (Բաժին 354.4):

Միացյալ Նահանգների կառավարության շահերը Գերագույն դատարանում ներկայացնող Գլխավոր փաստաբանն անցյալ շաբաթ պատասխան էր ներկայացրել դատարան: Նա կոչ էր արել Գերագույն դատարանին չքննել հայցը, եւ ուժի մեջ թողնել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի, Կալիֆորնիայի օրենքը «անթույլատրելիորեն» ներխուժել է դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների սահմաններից ներս:

Հաշվի առնելով նախագահ Օբամայի՝ Թուրքիայի առաջ խոնարհվելու տխրահռչակ համբավը, հատկապես Հայոց ցեղասպանության հարցերով, զարմանալի չէ, որ վարչակազմի միջնորդագիրը շատ ավելի զիջողական էր, քան այն հարցը, թե արդյոք Գերագույն դատարանը պետք է քննի սույն հայցը:

Միացյալ Նահանգների փաստաբանը հետեւյալ անհիմն պնդումները կատարեց.

- Հակառակ հայ հայցվորների պնդումների՝ «Կալիֆորնիայի նահանգը չի գործել իր ավանդական իրավասության շրջանակներում», այսինքն՝ ապահովագրության կարգավորման.

- Կալիֆորնիայի օրենքը «ներխուժում է դաշնային կառավարության արտաքին գործերի հիմնական լիազորությունների սահմաններից ներս» եւ վճիռներ կայացնում՝ «հիմնված քաղաքական վիճելի հարցերի վրա, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել գրեթե մեկ դար առաջ».

- Այս օրենքը, բացի պարզապես ներխուժումից, «կխանգարի Թուրքիայի հետ արտաքին հարաբերություններին»: Նախագահ Բիլ Քլինտոնը եւ Ջորջ Բուշ կրտսերը դեմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւերին, պնդելով որ նման միջոցառումները «կվնասեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին».

- Բաժին 354.4-ը «անթույլատրելիորեն կներխուժի դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների» այն ասպարեզը, որտեղ Միացյալ Նահանգները «գործել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում ամերիկացի քաղաքացիների որոշ հայցեր լուծելու համար՝ Անկարայի համաձայնագրի (25 հոկտեմբերի 1934 թ.), Ամերիկյան Լոզանի դաշնագրի (6 օգոստոսի 1923 թ.) եւ Բեռլինի դաշնագրի ու պահանջների համաձայնագրի (10 օգոստոսի 1922 թ.) միջոցով:

Պարտավոր ենք մի քանի հերքումներ ներկայացնել Միացյալ Նահանգների փաստաբանի սխալ եւ քաղաքական միտումներով պայմանավորված պնդումների առնչությամբ.

- Կալիֆորնիայի օրենքը չի ներխուժում դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների սահմաններից ներս, քանի որ այն պարզապես փորձում է կարգավորել ապահովագրական ընկերությունների պարտավորությունները, որոնք Կալիֆորնիայի նահանգի իրավասության շրջանակներում են: Սույն օրենքը հնարավորություն է տալիս ուղղելու պատմական մի բացթողում՝ ստիպելով ապահովագրական ընկերություններին իրենց մահացած հաճախորդների ժառանգներին վճարել ժամկետանց գումարները.

- Սույն գործով ամբաստանյալները գերմանական ապահովագրական ընկերություններն են, այլ ոչ թե Թուրքիան, չնայած վերջինս հակընդդեմ միջնորդագիր էր ներկայացրել դատավարությանը: Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների փաստաբանի միջնորդագիրն արտացոլում է Թուրքիայի առաջ քաշած որոշ փաստարկները.

- Միացյալ Նահանգների փաստաբանն ընտրողաբար հիշատակում է Քլինթոնի եւ Բուշի վարչակազմերի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւերին դեմ արտահայտվելը, անտեսելով Միացյալ Նահանգների ավելի վաղ տեսակետները Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ 1975 եւ 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված երկու բանաձեւերը, 1981թ. նախագահ Ռեյգանի ընդունած նախագահական Հռչակագիրը եւ 1951 թ. Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը.

- Միացյալ Նահանգների փաստաբանի հիշատակած բոլոր երեք պայմանագրերը (համաձայնագրերը) առնչություն չունեն սույն հայցի հետ: Անկարայի համաձայնագիրը եւ Ամերիկյան Լոզանի դաշնագիրը առնչվում են Թուրքիայի Հանրապետությանը եւ ոչ թե գերմանական ապահովագրական ընկերություններին: Բացի այդ, Ամերիկյան Լոզանի դաշնագիրը, որպես չվավերացված պայմանագիր, իրավական ուժ չունի: Միացյալ Նահանգների փաստաբանը հակասում է ինքնիրեն՝ ընդունելով, որ Կալիֆորնիայի օրենքը «հստակորեն չի հակասում Անկարայի համաձայնագրին, Ամերիկյան Լոզանի դաշնագրին կամ Բեռլինի դաշնագրին եւ պահանջների համաձայնագրին», որոնք «քննարկում են միայն այն հայցերը, որոնք ներկայացվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ քաղաքացիներ համարվող անձանց կողմից, այլ ոչ թե նրանց, որոնք ԱՄՆ քաղաքացի են դարձել պատերազմի ավարտից հետո»:

Միացյալ Նահանգների փաստաբանի «իրավական կարծիքը» իր բոլոր առումներով թերի լինելուց բացի, ավելի շուտ քաղաքական հայտարարություն է, որն ամերիկյան քաղաքացիներին զրկում է ապահովագրական հայցերով հանդես գալու իրավունքից:

Մնում է միայն հուսալ, որ Գերագույն դատարանը կանտեսի Միացյալ Նահանգների փաստաբանի միջնորդագիրը եւ կհամաձայնի քննել գործը, սակայն այդ հավանականությունը քիչ է, քանի որ Դատարանը ընդունում է իրեն դիմած գործերի չնչին տոկոսը:

Եթե չվիճարկվեն Միացյալ Նահանգների փաստաբանի չհիմնավորված փաստարկները, ապա դրանք կարող են խիստ ժխտական ազդեցություն ունենալ ցեղասպանության հետ կապված փոխհատուցումների հետագա բոլոր ջանքերի վրա, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին:

Ամերիկահայ համայնքի ղեկավարները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները Միացյալ Նահանգների փաստաբանի քաղաքական միտումներով պայմանավորված փաստարկներին հակազդելու համար՝ կասեցնելով բոլոր կապերը Օբամայի վարչակազմի հետ, բողոքի ցույցեր կազմակերպելով նախագահական ելույթների ժամանակ, ձգտելով Կոնգրեսի միջամտությամբ ստեղծել դաշնային հանձնաժողով ցեղասպանության վնասների փոխհատուցման համար՝ Հոլոքոստի գույքի հարցերով հանձնաժողովի նմանությամբ, եւ փոփոխություն մտցնելով Կալիֆորնիայի օրենքի 354.4-րդ բաժնում՝ շրջանցելու համար ներկայացված առարկությունները, անկախ նրանից, թե դրանք որքան անհիմն են: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններից, որոնք որպես պատրվակ բազմիցս հիշատակվում են Սպիտակ տան եւ ԱՄՆ դատարանների կողմից՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող ջանքերին ընդդիմանալու համար, իբր թե չխոչընդոտելու համար Հայաստան - Թուրքիա հարաբերությունները, որոնք գոյություն չունեն:

Այժմ ակնհայտ է, որ նախագահ Օբամայի կողմից ոգեկոչման ամենամյա ուղերձներում «Մեծ եղեռն» եզրույթի խաբուսիկ օգտագործումն ամենեւին էլ հավասարազոր չէ Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ի հեճուկս որոշ միամիտ անձանց ուրախ-զվարթ հայտարարությունների:

Վերջապես, ամերիկահայ համայնքը պետք է վերանայի Կոնգրեսի բանաձեւերի միջոցով Ցեղասպանության ճանաչման իր ռազմավարությունը, որոնք ոչ միայն ավելորդ են, այլեւ բացասական ազդեցությունն են ունենում, քանի որ այս անհաջող փորձերը ոտնահարում են նախկինում ընդունված բանաձեւերը եւ կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Միացյալ Նահանգների վաղուց ընդունած դիրքորոշումը:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG