Մատչելիության հղումներ

Գազի սակագինը կարող է բարձրանալ ավելի քան 60 տոկոսով


«ՀայՌուսգազարդ»-ը ցանկանում է շուրջ 67 տոկոսով բարձրացնել գազի սակագինը` հազար խորանարդ մետրի համար ներկայիս 132 հազար դրամը դարձնելով 221 հազար դրամ:

Ընկերությունն այսօր պաշտոնապես դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով բարձրացնել նաեւ մեծածախ գազի եւ օպերատորի մատուցած մի շարք ծառայությունների սակագները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, սակագնի վերանայումը պայմանավորված է գազի ներկրման, այսինքն` սահմանի վրա գազի գնման սակագնի փոփոխությամբ.

«Հայտը, որը ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ունի տնտեսագիտական լուրջ հաշվարկներ, եւ հիմնավորված, ողջամիտ սակագին է առաջարկվել ընկերության կողմից», - նշեց Սարդարյանը:

«ՀայՌուսգազարդ»-ը հիշեցնում է, որ չնայած դրամի արժեզրկմանը եւ գնաճի միտումներին` սակագինը փոփոխելու առաջարկով վերջին անգամ ընկերությունը հանձնաժողովին դիմել էր երեք տարի առաջ: Շուշան Սարդարյանի վստահեցմամբ` գազի թանկացումով ընկերությունը շահույթ չի հետապնդում, ոչ էլ փորձում է փոխհատուցել նախորդ տարիներին կրած վնասները: Ինչպես ընկերության խոսնակը ձեւակերպեց` ընդամենը խնդիր է դրված պահել համակարգը:

Դիտարկմանը, թե սակագնի այս շեշտակի բարձրացումը կարող է սոցիալական լարվածություն առաջացնել բնական գազից օգտվող շուրջ 640 հազար ընտանիքներում, Շուշան Սարդարյանն արձագանքեց. - «Բնականաբար, «ՀայՌուսգազարդ»-ում այդ մտահոգությունը կա, եւ հաշվի ենք առել նաեւ, որ իրացման շուկա կորցնելու հնարավոր ռիսկեր է պարունակում այս գործընթացը: Ընկերությունը ավելի քան շահագրգռված է եւ ձգտում է անել հնարավորը, որպեսզի ե’ւ շուկան չկորցնի, ե’ւ կարողանա առաջարկել համեմատաբար մատչելի սակագին»:

Ինչ վերաբերում արդեն իսկ հնչող քննադատությանը, թե ընկերությունը սպասել է ընտրությունների ավարտին ու նոր միայն ներկայացրել թանկացման հայտը, Շուշան Սարդարյանն ասաց, թե «ՀայՌուսգազարդ»-ը տնտեսվարող սուբյկետ է եւ նպատակահարմար չի գտնում մեկնաբանել քաղաքական գնահատականները:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, մինչդեռ, ուղղակի կապ է տեսնում անցած ընտրությունների եւ «ՀայՌուսգազարդ»-ի ներկայացրած հայտի միջեւ. - «Միանշանակ: Սպասում էր, որ նախագահական ընտրությունները ավարտվեն, որ լրացուցիչ գործոն չլինի: Անգամ Երեւանի քաղաքապետի չեղած ընտրություններով էլ եմ պայմանավորում սա, որ հանկարծ, ասենք, ընտրակաշառքը մի հինգ հազարով չավելացնեն: Իշխանություններին հատուկ է ցինիզմը, եւ այս ցինիզմի դրսեւորումներից էր այս կարգի վճիռը»:

Այսպիսի շեշտակի թանկացումը Բագրատ Ասատրյանը որակում է «արհավիրք ու ճգնաժամ»` հիշեցնելով, որ գազի սակագինը գնագոյողացնող նշանակություն ունի ողջ տնտեսաության համար. - «Շատ լուրջ հետեւանքներ է ունենալու թե’ բնակչության սոցիալական վիճակի առումով եւ թե’ ընդհանրապես տնտեսության վրա»:

Բագրատ Ասատրյանը մատնացույց է անում գազի գնի անկումը ողջ աշխարհում, մինչդեռ Հայաստանում, ըստ տնտեսագետի, այլընտրանքի բացակայության պատճառով իրավիճակն այսպիսին է: Գազի սպառողներն արդեն իմացել էին լուրը, շատերը տարակուսած էին` ինչպես են ձմեռը բնակարանները ջեռուցելու:

«Ժողովուրդը մեղք է ուղղակի: Եթե դա էլ թանկանա, բնականաբար, մենք էլ Հայաստանից կհեռանանք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի երեւանցի:

Թեեւ թանկացումն ուղղակի հարվածելու է սպառողի գրպանին, այդուհանդերձ, Բագրատ Ասատրյանը սոցիալական բունտ չի կանխատեսում, քանի որ ընտրակաշառքը դիմազրկել է մարդկանց. - «Տներում կբողոքեն, կանիծեն, բայց հրապարակ չեն հանի... եւ կապրեն ավելի վատ, քան այսօր են ապրում: Առաջիկայում սա վերջին չարիքը չէ կամ դժբախտությունը չէ, որ այս ժողովրդի գլխին գալիս է»:

Ընդդիմադիր գործչի կանխատեսմամբ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոտ տասը տոկոսով կկրճատի թանկացումը` ներկայացնելով դա որպես իշխանությունների մեծ նվաճում:

Հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ «ՀայՌուսգազարդ»-ից ստացել են փաստաթղթերը եւ 90 օրվա ընթացքում որոշում կկայացնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG