Մատչելիության հղումներ

Փաստաբանը Սեդրակյանի դեմ հարուցված գործը «սխալմունք» է որակում


Փաստաբան Ալեքսանդր Սիրունյան
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյան
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործը թերի է քննված, դատական առաջին նիստից մեկ օր առաջ ասում է գործով ձերբակալված, կասկածյալ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Սիրունյանը երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց` մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե գործի հետ ի՞նչ կապ ունի իր պաշտպանալը, եթե նույնիսկ ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանը կրակել է, իսկ Սամվել Հարությունը այդ ամենը կազմակերպել: Ըստ փաստաբանի` Սեդրակյանի առնչությամբ գործում որեւէ կոնկրետ ցուցմունք չկա:

«Կրակողն ասել է, որ կաֆելշիկն իրեն ասել է, որ Վարդան Սեդրակյանն իրեն ասել է, որ Պարույր Հայրիկյանին վախեցնել է պետք: Հիմա ինձ բացատրեք` այս ցուցմունքով պիտի Սեդրակյան Վարդան դատե՞ն: Այս կարգի կարեւորագույն գործով նույնիսկ քիլլերին հոգեբուժական փորձաքննության չեն ենթարկել: Հիմա ամեն ինչ մի կողմ դրած` ընդունենք Խաչիկն է, ընդունենք կրակել է, ընդունենք Պարույր Հայրիկյանի վրա: Բա ո՞ր պարզվի, հեռու իրանից, էդ մարդը հոգեկան հիվանդ է, մենք գործը ինչի մասին ենք դատարանում քննում», - ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, ըստ նախաքննությունն իրականացրած Ազգային անվտանգության ծառայության, նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը մեղադրվում է Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Երեքշաբթի` մայիսի 14-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կսկսվի Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատական նիստը: Ամբաստանյալները երեքն են` էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը: Մեղադրանքը կպաշտպանի ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վերահսկողություն իրականացնող վարչության դատախազ Արամ Ամիրզադյանը:

Գործում նշվում է, որ զենք գնելու նպատակով Սեդրակյանը 1000 դոլար է տրամադրել ամբաստանյալներից մեկին: Ըստ փաստաբան Սիրունյանի` Սեդրակյանը գումար տվել է Սամվել Հարությունյանին միայն իր տանը գործ անելու համար, այլ ոչ թե զենք գնելու համար: Ընդ որում` խոսքը 1000, 2000, 3000 դոլարի մասին է:

«Լինո՞ւմ է նման քիլլեր, որ ասում է` ես գործը կանեմ, հետո կգամ, փողի մասին կխոսենք: Նման բան տեսե՞լ եք, քիլլերի հետ փող չեն պայմանավորվում, ինքն էլ ասում է` [կա այդպիսի ցուցմունք] Սամվելն ասաց` Խաչիկ ջան, Վարդանը մեզ դիլխոր չի թողնի, գործը կանենք, հետո փողի մասին կխոսենք: Սա բրազիլական սերիալ է, ի՞նչ է», - հեգնեց փաստաբանը:

Սիրունյանը, ով միայն Սեդրակյանի փաստաբանն է, ասում է, որ թեպետ իրեն չպետք է վերաբերեր մյուս երկու ամբաստանյալների գործը, սակայն հարց է բարձրացնում` ինչո՞ւ Սամվել Հարությունյանին ու Խաչատուր Պողոսյանին ձերբակալելուց անմիջապես հետո վերջիններիս հեռուստացույցով են ցուցադրում այն դեպքում, երբ անգամ հավի ձու գողացողին «02» հաղորդաշարը մեկ շաբաթ հետո է միայն ցուցադրում:

«Այն պարագայում, որ նա պետք է մեկուսացվեր, հետո պետք է ճանաչում արվեր, կանգնում են չորս հոգի, Խաչիկ Պողոսյանն էլ հետները, Հայրիկյանին ասում են` խնդրում եմ` ճանաչեք: Էհ, Հայրիկյանը ինչը՞ պետք է ճանաչի, եթե 44 անգամ ցույց են տվել ամեն ժամ», - ասաց փաստաբանը:

Ավելին` Սիրունյանը կասկածում է, որ անգամ կրակող եւ Սեդրակյանի դեմ ցուցմունք տված Խաչիկ Պողոսյանն այս գործի հետ կապ ունի: Փաստաբանը հարցնում է` եթե լուրջ խուզարկուներ խուզարկության ժամանակ զենքը տանը չեն հայտնաբերվում, ինչպե՞ս հասկանալ այն, որ հետո Պողոսյանի կինն է բերում զենքը, ներկայացնում իրավապահներին. - «Եվ եւս երկու օր հետո կինը գալիս է, ասում է` գիտեք, ես դատարկ զենքն էի բերել, մոռացել, էս էլ հինգ հատ փամփուշտ»:

Մյուս կողմից, ըստ Սիրունյանի, 7.62 տրամաչափով կրակող «Նագանը» 35 մետր հեռավորությունից ծակում է 7.5 սմ տախտակը, իսկ Հայրիկյանի դեպքում տարածությունը եղել է 60 սմ, մինչդեռ գնդակը մնացել է ուսի մեջ:

«Երկրորդ գնդակը, որն ընդհանրապես արգելք չի ունեցել եւ անցել է Պարույր Հայրիկյանի վերարկուի միջով, հայտնաբերվել է Հայրիկյանից մի քանի մետր հեռավորության վրա ու սա, չգիտես ինչու, անտեսվել է քննիչների կողմից», - ասաց Սիրունյանը:

Ի պատասխան լրագրողների կողմից անընդհատ հնչող հարցին, թե արդյոք Վարդան Սեդրակյանի դեմ գործը «սարքված» կամ «պատվիրված» է, Սիրունյանը ասաց` իր կարծիքով` գործը «սխալմունք» է:

«Ես ընդամենը ուզում եմ ասել, որ тут что-то не то է, սա սխալմունք է: Ինձ թվում է` ժամանակին սխալվել են, բայց մենք հնարավորությունը տալիս ենք, թող սխալը արագ ուղղեն», - ասաց փաստաբանը:

Փաստաբանը դատավարության օրը միջնորդություն է ներկայացվելու Սեդրակյանի խափանման միջոցը` կալանքը փոխելու նպատակով, թեեւ մեծ հույսեր չունի: Սիրունյանը նաեւ մեղադրող կողմին խնդրելու է իրենց բացատրել մեղադրանքի հիմքը:

«Մենք մարտի 5-ից ասում ենք` մեղադրանքի հիմքերը տվեք, չեն տալիս», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG