Մատչելիության հղումներ

HRW-ը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել բնակիչների վտարումը


«Չմեռային այգու» կառուցման համար քանդվող շինություններից մեկը, Բաքու
«Չմեռային այգու» կառուցման համար քանդվող շինություններից մեկը, Բաքու
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել մարդկանց հարկադրաբար վտարելու ու Բաքվի կենտրոնում գտնվող նրանց տները քանդելու գործընթացը: Այդ մասին ասված է երեկ իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Կառավարությունը պետք է արդարացի փոխհատուցում երաշխավորի տանտերերի եւ բնակիչների համար, այդ թվում նաեւ նրանց, ովքեր արդեն իսկ վտարվել են, ասված է Human Rights Watch-ի հրապարակած հայտարարության մեջ:

Կազմակերպությունը փաստում է, որ հարկադիր վտարումների գործընթացը Բաքվում սկսվել է դեռ 2009 թվականին, երբ հազարավոր ընտանիքներ զրկվեցին իրենց տներից առանց համապատասխան փոխհատուցման, իսկ որոշ դեպքերում` առանց նախօրոք զգուշացնելու, գիշերվա կեսին, առանց անգամ թույլատրելու իրերը տնից դուրս հանել:

Կազմակերպության հայտարարության համաձայն` իշխանությունները հաճախ զրկել են քանդման ենթակա տները բոլոր կոմունալ հարմարություններից, որպեսզի այդ տներում հնարավոր չլինի ապրել եւ մարդիկ հեռանան:

Human Rights Watch-ը ներկայացնում է վերջին վտարման դեպքերը` Բաքվի կենտրոնում «Ձմեռային այգի» կոչվող համալիրը կառուցելու համար: Իշխանությունները քանդել են այդտեղ գտնվող տները` տարածք ազատելով խանութների, այգու եւ մեծ ավտոկայանատեղիի համար:

«Ձմեռային այգու» բացումը Հեյդար Ալիեւի 90-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքում է: Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ջեյն Բյուքենենը ասում է, սակայն, որ սա ամենեւին տոն չէ այն մարդկանց համար, ովքեր վտարվել են իրենց տներից:

««Ձմեռային այգու» տարածքի տների սեփականատերերը ամբողջովին իշխանության քմահաճույքի զոհն են դարձել` մնալով առանց բնակարան գնելու կամ վարձակալելու հնարավորության», - ասել է Բյուկենենը` հավելելով, որ քաղաքացիների տները բռնագրավելն ու քանդելը Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG