Մատչելիության հղումներ

«Ատոմակայան` Ցեղասպանության դիմաց». Անկարայի առաջարկը Փարիզին


Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզ, արխիվ
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզ, արխիվ
Պաշտոնական Անկարան հույս ունի, որ ներգրավվելով թուրքական թվով երկրորդ ատոմակայանի շինարարության գործընթացում` Ֆրանսիան կվերանայի իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հարցում: Երեկ Անկարայում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման անթաքույց ակնարկով հանդես եկավ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

«Մենք հույս ունենք, որ առեւտրային կապերի բարելավման ֆոնին Փարիզն ավելի հավասարակշռված դիրք կզբաղեցնի հայերի ցեղասպանության շուրջ պնդումների հարցում», - ասել է Յըլդըզը:

Թուրք նախարարի այս հայտարարությունը հնչել է երեք օր անց այն բանից, երբ թուրքական կառավարությունն ու ճապոնա-ֆրանսիական ընկերությունների կոնսորցիումը մի համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի` ճապոնական Mitsubishi եւ Itochu ընկերությունները, ինչպես նաեւ ֆրանսիական GDF Suez կորպորացիան 22 միլիարդ դոլարի ընդհանուր արժողությամբ շինարարություն կիրականացնեն Սեւ ծովի ափին գտնվող Սինոպ քաղաքից ոչ հեռու:

Այս ատոմակայանը, ի դեպ, կաշխատի ֆրանսիական մեկ այլ ընկերության` Areva-ի կողմից արտադրված միջուկային ռեակտորի հիմքի վրա:

Ուշագրավ է, որ դեռ անցած տարի Անկարան հրաժարվել էր ֆրանսիական ընկերություններին ներգրավել ատոմակայանի շինարարության մրցույթում, այդ քայլը ներկայացնելով որպես հստակ պատժամիջոց` կիրառված ի պատասխան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական հայտնի օրինագծի:

Թուրքիայի իշխանությունները այսօր չեն թաքցնում, որ նախկին նախագահ Սարկոզիի օրոք ի հայտ եկած այս բարդությունները հնարավոր եղավ հաղթահարել միայն Ֆրանսիայի նոր, սոցիալիստ նախագահի` Ֆրանսուա Օլանդի` Ելիսեյան պալատ մուտք գործելուց հետո:

«Ցավոք սրտի, Նիկոլա Սարկոզիի օրոք մեզ այդպես էլ չհաջողվեց հաշտեցմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Անցած շաբաթ ստորագրված համաձայնագիրը քայլ էր այդ ուղղությամբ: Չեմ կարծում, որ մենք Ֆրանսիայից պետք է շուտափույթ, կոնկրետ քայլեր ակնկալենք, այնուհանդերձ, այսօր առավել քան երբեւէ էներգետիկան լուրջ դերակատարություն ունի քաղաքական հարցերում», - հայտարարել է Յըլդըզը:

Նախարարը, միաժամանակ, հույս ունի, որ «ֆրանսիական իշխանությունները հասկանում են, թե որքան կարեւոր է կոտրել Թուրքիայի հետ հարաբերություններում առկա սառույցը»:

Թուրքիայի էներգետիկայի նախարարը նաեւ հույս է հայտնել, որ ատոմակայանի շինարարության հարցում ֆրանսիական ընկերությունների ներգրավումը կարող է մեղմացնել Փարիզի անհաշտ դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարների հարցում:

Մայիսի 3-ին կնքված համաձայնագրով Սինոպի ատոմակայանի շինարարության եւ հետագա գործարկման նպատակով հատուկ ընկերություն կստեղծվի, որի բաժնետոմսերի 51 տոկոսը կլինի Ճապոնիայի, իսկ 49-ը` թուրքական կառավարության ձեռքում: Ֆրանսիական ընկերություններին բաժնետոմսեր կտրամադրվեն ճապոնական մասնաբաժնից:

Ուշագրավ է, որ Թուրքիայում նախագծված երկու ատոմակայանների շինարարությունն էլ Անկարան վստահել է Հայաստանի հետ բավական սերտ հարաբերություններ ունեցող պետություններին: Եթե Սինոպի ատոմակայանի կառուցմանը ակտիվորեն ներգրավված են լինելու ֆրանսիացիները, ապա Մերսինից ոչ հեռու գտնվող «Ակքույու» ատոմակայանի շինարարությունը իրականացնելու է ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG