Մատչելիության հղումներ

Մայիսի 7-ի մամուլ


«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ընտրական շոկն ու հետընտրական շփոթը չհաղթահարած ՀՀ քաղաքացին մտածում է իր հետագա անելիքների մասին: Նույն խոհերն ունեն նաեւ քաղաքական դաշտն զբաղեցնող կուսակցությունների անդամները, որոնցից մի քանիսը լուրջ հետեւություններ անելու խնդրի առաջ են կանգնած, մյուսները` վերակառուցման, երրորդները` պարզապես քաղաքական ասպարեզը լքելու: Յուրաքանչյուրը պետք է հասկանա` ինչպե՞ս պատահեց, որ իշխող կուսակցությունն այդքան ձայն ստացավ, որ կիսաընդդիմադիր կուսակցությունը երկրորդ տեղում էր, իսկ արմատական ընդդիմությունը, կարելի է ասել, գրեթե դուրս մնաց քաղաքական պայքարից: Ինչպե՞ս պատահեց, որ 2008-ին հաղթող Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը 2013-ին 4 տոկոսից քիչ ավելի, իսկ 125-ամյա Դաշնակցությունը` 3-ից քիչ ավելի ձայն ստացավ: Ինչպե՞ս կարող է այսքան խնդիրներ ունեցող երկրում տարիներ շարունակ երկիրը կառավարած ուժն այդքան շատ ձայներ ստանալ, իսկ ընդդիմությունը, որը խստորեն քննադատում է այդ իշխանությանը եւ խոստանում երկիրը հանել փոսից, ձախողվել»:

«Օրակարգ»ի մեկնաբանը գրում է. - «2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո աշխարհի բազմաթիվ կառավարություններ ստիպված էին հեռանալ՝ ոչ միայն արձանագրված անկման, այլ նույնիսկ ոչ բավարար աճի համար: Սկսած Եվրոպայի կորիզ երկրներից, ինչպիսին Ֆրանսիան ու Իտալիան են, մինչեւ արվարձանային երկրներ, ինչպիսի Հունաստանը, Պորտուգալիան, Իսպանիան ու Իռլանդիան են, հրաժեշտ տվեցին իրենց իշխանություններին: Իշխանությունը զիջեցին այնպիսի խարիզմատիկ դեմքեր, ինչպիսիք էին Սարկոզին ու Պապանդրեուն: Մեր քթի տակ՝ հարեւան Վրաստանում, կառավարությունը ստիպված էր զիջել նաեւ Վրաստանի պատմության ամենախարիզմատիկ առաջնորդներից մեկը՝ Միխեիլ Սաակաշվիլին: Հայաստանում՝ 2008-2009 թվականների ճգնաժամի արդյունքում աշխարհում երկրորդ ամենամեծ անկում արձանագրած երկրում (առաջինը Ուկրաինան է, որտեղ նույնպես իշխանափոխություն է տեղի ունեցել), իշխանության տոկոսները աճում են, դիրքերն ամրապնդվում են: Մեկ տարվա ընթացքում՝ միանձնյա հաղթանակ խորհրդարանում, առաջին փուլով հաղթանակ՝ նախագահական ընտրություններում եւ հիմա՝ Երեւանի ավագանու ընտրություններում: Մի կողմ թողնելով ընտրությունների օրինականության, ընտրախախտումների մասին իշխանության եւ ընդդիմության փոխադարձ մեղադրանքներն ու ամբաստանությունները, պետք է փաստել մեկ բան. 15 տոկոս տնտեսական անկում, 35 տոկոս աղքատություն եւ ահագնացող արտագաղթ ունեցող երկրում իշխանությունը չի կարող այդպիսի ժողովրդականություն ունենալ: Ընտրությունից ընտրություն այս իրողությունը դառնում է «աննորմալ նորմալություն»»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Ընտրակեղծիքների մասին հասարակական եւ քաղաքական ուժերի գնահատականները, բնականաբար, աստիճանաբար կմարեն: Եթե դրանք մարեցին 2008-ից հետո, ապա հիմա առավել եւս կհանդարտվեն: Վերջին հաշվով, իշխանությունների թույլ տված խայտառակություններով եւ թաղային խաժամուժի ասպատակություններով հանդերձ` հասարակության գիտակցության մեջ ավելի ու ավելի է ամրագրվում այն, որ Հայաստանում ընտրական այս փոսը հաղթահարելու համար հասարակական-քաղաքական ուժերին անհրաժեշտ են իրավիճակի մանրամասն վերլուծություն, մեծ աշխատանք քաղաքացիների, հանրային տարբեր խմբերի շրջանում, աշխատանքի մոտեցումների, ոճի, մեթոդաբանության հարցերում լուրջ վերանայումներ: Եվ այս ամենով հանդերձ` նաեւ քաղաքական օրակարգի վերանայում, հարցադրումների, շեշտադրումների փոփոխություն: Սակայն ունա՞կ է արդյոք ներկայիս քաղաքական դաշտը կատարել այս աշխատանքը: Այս առումով հարցականները շատ-շատ են, ըստ որում` դա ամենամեղմ պարագայում, քանի որ անցած տարիներն ու այս ընտրական ցիկլի անփառունակ ավարտը ավելի հատու պատասխանի հիմքեր են տալիս` քաղաքական դաշտն ունակ չէ, եւ եթե այդ դաշտում, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի շրջանում չլինեն լուրջ փոփոխություններ, վերադասավորումներ, եթե ի հայտ չգան նոր որակներ, ապա չորս տարի անց էլ մենք կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առաջ [...]»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Երեւանի ավագանու ընտրությունները, որոնցով ամփոփվեց շուրջ մեկ տարի տեեւած իրարահաջորդ ընտրությունների մարաթոնը, անշուշտ, առաջիկա օրերին դեռ բազմաթիվ անդրադարձերի ու արձագանքների առիթ ու առարկա կդառնա։ Չնայած, արժե միանգամից նկատել, ավագանու ընտրությունների նախնական արդյունքներն առանձնապես անակնկալ չես համարի։ Եղավ այն, ինչը մոտավորապես կանխատեսելի էր»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG