Մատչելիության հղումներ

Բորիս Նավասարդյան. «Մենք էլի վերադառնում ենք սովորական վիճակի»


Ամբողջ աշխարհում բռնություններ լրագրողների նկատմամբ գրանցվում են, սակայն դրանք օրինաչափ են, եթե ամեն օր չեն կատարվում եւ զանգվածային բնույթ չեն ստանում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Մինչդեռ, Նավասարդյանի խոսքով, Հայաստանում իրավիճակը այլ է՝ այստեղ, նրա խոսքով, մեղավորներն անպատիժ են մնում։

«Դա, իհարկե, խոսում է այն մասին, որ ինչ-որ բան սխալ է մեր քաղաքականության մեջ, որ այն, ինչ ամրագրված է, իմիջիայլոց, «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որ լրագրողը, կարեւոր հանրային գործառույթ կատարելով, գտնվում է պետության հատուկ պաշտպանության ներքո, դա ընդամենը դատարկ խոսք է։ Եթե ուզեցել եք ցույց տալ, որ լրագրողների, լրատվամիջոցների խոսքի ազատության առումով շահագրգռված պետություն եք, ուրեմն դա պետք է ապացուցել նաեւ գործերով. մեզ մոտ հակառակն է ապացուցվում»։

ԵՄԱ նախագահի խոսքով, եթե տեղական ու միջազգային կառույցները արձանագրել են, որ Հայաստանում լրատվական դաշտը, հատկապես այս տարվա նախընտրական շրջանում, գործել է հավասար պայմաններում ու խտրական վերաբերմունք չի ցուցաբերել, ապա պատկերը կտրուկ փոխվում է ընտրություններից հետո։

«Մենք էլի վերադառնում ենք սովորական վիճակին, երբ, կարծես թե, կան ցանկալի եւ ոչ ցանկալի քաղաքական գործիչներ, ցանկալի եւ ոչ ցանկալի վերլուծաբաններ։ Շատ դեպքերում կան տարբեր գույների ցուցակներ՝ ում կարելի է հրավիրել եթեր, ում չի կարելի», - ասում է նա։

ԵՄԱ նախագահի կարծիքով, թերեւս սա է պատճառը, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում Հայաստանը շարունակում է մնալ ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում։

Այդուհանդերձ, Նավասարդյանի խոսքով՝ «կան լրատվամիջոցների տեսակներ, որտեղ սահմանափակ պաշար չկա եւ չի կարելի, ժամանակակից քաղաքակիրթ նորմերով արհեստական սահմանափակումներ եւ արգելքներ դնել, այնտեղ մենք ունենք ազատություն»։ Նա, նշում է, որ երկու-երեք տարի առաջ եղել են փորձեր՝ լիցենզավորման միջոցով վերահսկողություն սահմանելու նաեւ ինտերնետի նկատմամբ, որոնք, սակայն «չգտան որեւէ շարունակություն». - «Այստեղ, իհարկե, պետք է գնահատել ե՛ւ մեր լրագրողների, լրագրողական կառույցների սկզբունքային եւ հետեւողական պահվածքը՝ անմիջապես հետեւում է բավականին սուր արձագանք, անմիջապես գրավում են միջազգային հանրության հետաքրքրությունը եւ ուշադրությունը, եւ խնդիրը կարծես թե լուծում է ստանում»։

Հարցին, թե ինչպե՞ս կարելի է լուծել ոլորտի խնդիրները, Երեւանի մամուլի ակումբի նախագահը պատասխանեց. - «Այդ երեւույթները կարելի է վերացնել այն դեպքում, երբ հեռարձակման հնարավորություն ստանան այն ընկերությունները, որոնք ուղղակի ուզում են աշխատել հանրության համար եւ ոչ թե հետապնդում են հստակ նեղ քաղաքական նպատակներ կամ ներկայացնում են այնպիսի բիզնես, որը մոտ է կանգնած իշխանությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG