Մատչելիության հղումներ

Նորաստեղծ «Առաքելություն»-ը հույս ունի մտնել Երեւանի ավագանի


Առաջին անգամ ընտրություններին մասնակցող նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը ներկայացրել է մեծ մասամբ երիտասարդներից կազմված ընտրացուցակ:

Կուսակցությունում իրենց առավելությունը համարում են հին խնդիրները լուծելու նոր մոտեցումները: Օրինակ, այդպիսի լուծում է համատիրությունները լիովին վերացնելու առաջարկը, որը, ըստ կուսակցության ընտրացուցակի երկրորդ համար Մանուկ Սուքիասյանի, քաղաքացիների շրջանում մեծ ոգեւորությամբ է ընդունվել:

Սուքիասյանի խոսքով` բակային հանդիպումների ընթացքում հասկացել են նաեւ, որ կարեւոր է քաղաքապետարան եւ քաղաքացի կապի առկայությունը, ուստի ընտրվելու դեպքում խոստանում են շարունակել շրջել եւ տեղում ծանոթանալ քաղաքացիների խնդիրներին:

Նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչը վստահեցնում է, որ ընտրություններին մասնակցում են ոչ թե ճանաչում ստանալու, այլ ռեալ փոփոխություններ իրականացնելու նպատակով: Մանուկ Սուքիասյանը շեշտեց, որ իրենք նախկինում ոչ մի չիրականացված խոստում չեն տվել, ինչը իրենց առավելությունն են համարում: Նկատենք, սակայն, որ կուսակցությունը ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ:

Կուսակցությունում սոցիոլոգիական կենտրոնների հարցումներով չեն հետաքրքրվում, քանի որ ըստ Սուքիասյանի` դրանք հիմնականում պատվիրված են: Իրենց ոգեւորում է ժողովրդի արձագանքը, ինչը վստահություն է տալիս, որ ընտրություններին մասնակցելը անիմաստ չէ, քանի որ քաղաքացիները նոր ուժի կարիք ունեն:

Սուքիասյանն ասում է` իրենք աշխատելու հնարավորություն ստանալու դեպքում գործով կապացուցեն, որ ժողովուրդը չի սխալվել: Երեւանի գործող իշխանությունների աշխատանքում լուրջ բացթողումներ են տեսնում, որը կփորձեն լրացնել իրենց ծրագրերով: Այսօր «Առաքելության» հանրահավաքին կամփոփվի ոչ միայն ընտրարշավը, այլեւ կներկայացնեն իրենց հետագա քայլերը:

Ինչպես ասում են կուսակցության անդամները` իրենց առաքելությունը սկսվելու են ավագանու ընտրություններից, իսկ հետագայում շարունակելու են Ազգային ժողովի եւ նախագահի ընտրությունների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG