Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանն անակնկալ է խոստանում


Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվելու 40 տոկոս քվե ստանալ:

Այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը խոստացավ, որ արձանագրած արդյունքներով իշխանություններին անակնկալ կմատուցի «Բարեւ Երեւան» դաշինքը. - «Հիմա ասում եմ ձեզ` ազատ, արդար ընտրության դեպքում «Բարեւ Երեւան»-ը առաջատար է: Իրական Հայաստանում ոչ մեկը 40 տոկոս չի վերցնում»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, մայիսի 5-ից հետո Երեւանում նոր իրավիճակ է ստեղծվելու, որը չի հանգուցալուծվի առանց «Բարեւ Երեւան» դաշինքի: Ըստ ընդդիմադիր առաջնորդի, կարող է ձեւավորել դաշնակցային, միացյալ քաղաքապետարան, որի ներկայացուցիչը կլինի Արմեն Մարտիորսյանը:

«Երեւանցին է պահանջում միացում», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ մյուս ուժերի հետ առայժմ բանակցություններ չեն ընթանում. դրանք արդիական կլինեն ընտրություններից հետո. - «Վահագն Խաչատրյանը, Արմեն Ռուստամյանը եւ Վարդան Օսկանյանը շահեկանորեն տարբերվում են շատ ու շատ մարդկանցից, ովքեր միակուսակցական եւ չարակամ մոտեցում ունեն: Եվ ես կողջունեմ իրենց հետ միասին Երեւանի քաղաքապետարանի ապագա ավագանու մեծամասնությունը կազմելու հեռանկարը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց նաեւ Տարոն Մարգարյանի հայտարարագրած կարողությանը վերաբերող հարցին: Դրա աղբյուրները բացահայտելու պահանջով, հիշեցնենք, ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը դատախազություն է դիմել:

«Ժառանգության» առաջնորդին չի զարմացնում քաղաքապետի հարստությունը. - «Անկախ դատախազ ունենալու դեպքում, շատերը պատասխան կտան գործած հանցանքների համար` չնայած բարեհամբույր արտաքինին եւ հարուստ ընտանեկան ժառանգությանը»:

«Արդար ճանապարհով հնարավոր է, բայց եթե դու պետական պաշտոնյա եղել ես երկար տարիներ, անհնար է եւ օրինազանցություն է, որ, պետական պաշտոնյան լինելով, դու դառնում ես միլիոնատեր… Քանի ունենք այս դատախազը, ոչ մի բան չի փոխվի», - համոզմունք հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը իր ելույթում նույնպես անդրադարձավ Տարոն Մարգարյանի ունեցվածքին` խոստանալով, որ իր գլխավորած ավագանին բացառելու է «ատկատները»:

Այսօրվա հանրահավաքը սակավամարդ էր: Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, հիշեցրեց, որ նույնիսկ հինգ հոգով են գիշեր անցկացրել Ազատության հրապարակում, բայց պայքարը չի տուժել` միլիոնավոր մարդիկ են ուզում Նոր Հայաստան. - «Բաղրամյան 26-ը թող հաշվի: Բոլոր մեր բարեկամ կուսակցությունները թող հաշվեն: Որովհետեւ մայիսի 5-ին մայրաքաղաքը ունենալու է նոր քաղաքապետ եւ նոր քաղաքապետարան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG