Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանն այցելել էր կենդանաբանական այգի


Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող, Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ընտանիքի հետ այցելել էր կենդանաբանական այգի ոչ թե քարոզչություն անելու, այլ երեխաների հետ կենդանիներին կերակրելու եւ ընտանիքի հետ հանգիստը կազմակերպելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ամեն տարի գալի՞ս եք կենդանաբանական այգի, Մարգարյանը պատասխանեց. - «Այս վերջին երկու երեք տարիներին` այո: Քանի որ մայիսի 1-ը մեր բոլորի համար սիրված օր է եւ գազանանոցի բացումը այս օրն է` այո»:

Տարոն Մարգարյանը հիշեց, որ երբ փոքր էր, ամեն տարի մայիսի 1-ին ծնողների հետ գալիս էր կենդանաբանական այգի:

Երեւանի քաղաքապետին այսօր դիմավորեց փողային նվագախումբը` «Երեւան դարձած իմ Էրեբունի» ստեղծագործության կատարմամբ: Այնուհետեւ, կենդանաբանական այգու տնօրինության ուղեկցությամբ, Տարոն Մարգարյանը շրջեց այգու տարածքով:

Երեւանի գործող քաղաքապետի կինն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նման զբոսանքներ ամուսնու հետ հաճախ չեն լինում. նա միշտ զբաղված է:

Կենդանաբանական այգին այսօր մարդաշատ էր, ամեն քայլափոխի էլ ծնողները փորձում էին իրենց երեխաներին նկարել Երեւանի գործող քաղաքապետի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքացիները կենդանաբանական այգու հետ կապված որոշ թերություններ մատնանշեցին: Տարոն Մարգարյանը եւս շատ գոհ չէր կենդանաբանական այգու վիճակից, սակայն խոստանում է առաջիկայում բարեկարգել այն:

«Վստահ եմ, որ մոտակա տարիների ընթացքում ամբողջությամբ փոխված վիճակ կլինի», - նշեց նա:
XS
SM
MD
LG