Մատչելիության հղումներ

Հայաստանում իրենց պատիժն են կրում Իրանի 12 քաղաքացիներ


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն եւ նրա հրավերով աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին երեքշաբթի օրը իրավական համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին` պարտավորվելով համագործակցել անդրազգային հանցավորության դեմ պայքարում, միմյանց ցուցաբերել իրավական օգնություն։

Աղվան Հովսեփյանի խոսքով` յուրաքանչյուր տարի Հայաստանի դատախազությունը հարեւան երկրի հետ շուրջ 20 հարցում է ունենում:

«Այսօրվա դրությամբ Իրանի 10-12 քաղաքացիներ մեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ են կրում տարբեր հանցագործություններ կատարելու համար: Անցած տարի եւ այս տարվա ընթացքում մենք պատիժը կրելու համար Իրան ենք վերադարձրել 25 դատապարտյալների», - հայտարարեց Հովսեփյանը:

Ի տարբերություն Հայաստանի, Իրանի քրեակատարողական հիմնարկներում Հայաստանի քաղաքացի, ում դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել, այս պահին չկա, փաստեց հարեւան երկրի գլխավոր դատախազը:

Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի խոսքով` այն ժամանակվանից հետո, երբ ՆԱՏՕ-ի զորամիավորումները տեղակայվեցին Աֆղանստանում, մի քանի անգամ ավելացել է թմրանյութերի աճեցման գործընթացը:

Հայաստանում վերջին տարիներին ավելի արդյունավետ է դարձել ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի գործընթացը, նկատում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

«Բոլոր դատախազները գիտեն` կա հստակ հանձնարարական, որ որեւէ քրեական գործ, եթե խոսքը գնում է թմրամիջոցի մասին, մինչեւ չհայտնաբերվի իրացման աղբյուրները, այդ գործերը չեն կասեցվում, չեն կարճվում: Ցավոք, վերջին տարիներին մի շարք դեպքեր ունենք, երբ թմրամիջոցներ Հայաստան են ներմուծվում մեր հարեւանների` Իրանի եւ Թուրքիայի սահմանով», - ասաց գլխավոր դատախազը:

Խոսելով Իրանի հետ փոխգործակցության մասին, Աղվան Հովսեփյանն ասաց, որ այն նպաստում է, որպեսզի Հայաստանը չդառնա թմրանյութերի ապօրինի շրջանառության տարանցիկ երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG