Մատչելիության հղումներ

Եվրադատարանը անօրինական ճանաչեց Տիմոշենկոյի կալանքը


Յուլիա Տիմոշենկո, արխիվ
Յուլիա Տիմոշենկո, արխիվ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեքշաբթի օրը հրապարակեց Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով որոշումը: Բարձր դատարանը միաձայն որոշել է, որ Տիմոշենկոյի ձերբակալությունն ու կալանքը անօրինական են եւ կատարվել են քաղաքական դրդապատճառներով:

Բողոքը, որ քննում էր Եվրոպական դատարանը, վերաբերում էր 2011 թվականին Տիմոշենկոյի ձերբակալմանը այսպես կոչված «գազային գործի» կապակցությամբ, որի արդյունքում Ուկրաինայի նախկին վարչապետը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Տիմոշենկոն մեղավոր ճանաչվեց Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կառավարության հետ չխորհրդակցելու մեջ:

Ուկրաինայի նախկին վարչապետը մինչ օրս անազատության մեջ է, անցյալ տարվա մայիսից առողջական վիճակի վատթարացումից հետո նա տեղափոխվել է Խարկովի հիվանդանոց բուժման:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան Տիմոշենկոն դիմել էր 2011 թվականի հուլիսին, բողոքելով, որ Ուկրաինայի արդարադատության համակարգը խախտել է իր հիմնարար, մասնավորապես` բժշկական օգնություն ստանալու, կտտանքների չենթարկվելու, կալանքի օրինականության, արդար, առանց քաղաքական դրդապատճառների դատաքննության իրավունքները:

Յուլիա Տիմոշենոկոյի գործի պատճառով Եվրամիությունը սառեցրել է Ուկրաինայի հետ նախաստորագրած ասոցիացման համաձայնագրերի գործընթացը, նշելով, որ դրանք ստորագրելու համար երկրում չպետք է քաղաքական բանտարկյալներ լինեն:

Ապրիլի 27-ին Տիմոշենոյին ներկում շնորհելու հարցը քննարկել է Ուկրաինայի նախագահին կից ներումների հանձնաժողովը եւ միաձայն որոշել, որ նախկին վարչապետը չի կարող ազատ արձակվել, քանի որ Կիեւի եւ Խարկովի դատարաններում քննվում են նրա վերաբերյալ մի քանի այլ քրեական գործեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG