Մատչելիության հղումներ

Ջհանգիրյան. - «Արձանագրությունները խոչընդոտում են Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»


Ջհանգիրյան. - «Արձանագրությունները խոչընդոտում են Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»
please wait

No media source currently available

0:00 0:15:46 0:00
Հայ Ազգային Կոնգրեսը ապրիլքսանչորսյան իր երթը սկսեց կեսօրին Մարտիրոս Սարյանի արձանի մոտից: Լուռ երթի մասնակիցները Բաղրամյան-Օրբելի փողոցներով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդ:

Հայաստանի առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեց այս երթին, ինչպես փոխանցեցին ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները` վատառողջ լինելու պատճառով: Ծիծեռնակաբերդի մատույցներում երթի մասնակիցներին միացավ Տեր-Պետրոսյանի կինը:

Երթը գլխավորումն էին Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:

Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները ելույթներով հանդես չեկան: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արամ Մանուկյանը «պատեհապաշտական» որակեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը. - «Չունեն կոնցեպցիա, չունեն գերակայություններ, պատեհապաշտական քաղաքականություն են վարում: Պահի տակ մշակված քաղաքականությունը հիմնարար չէ»:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ըստ Մանուկյանի, թեեւ շարունակվում է, բայց դանդաղ է ընթանում երկու պատճառով: Պատճառներից մեկը նա համարում է տարիներ առաջ ստորագրված եւ կասեցված հայ-թուրքական արձանագրությունները, իսկ երկրորդը իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը:

«Իրենք հազիվ իշխանությունը պահելու խնդիր ունեն: Հայաստանը չունենալով ժողովրդավարություն, չունենալով ուժեղ տնտեսություն, դառնում է թույլիկ խաղացող բոլոր խաղադաշտերում` Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների եւ այլն: Այդ առումով է, որ ես լավատեսորեն չեմ վերաբերվում, թե մեր իշխանությունները կարող են Ցեղասպանության ճանաչման խնդիրն առաջ տանել: Որովհետեւ իրենք ուղղակի պայման թելադրող չեն», - նշեց նա:

Դիտարկմանը, որ նախորդ իշխանությունների տարիներին էլ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռքբերումները մեծ չեն եղել, Մանուկյանն արձագանքեց. - «Մենք ունեինք մեր դժվարությունները` պատերազմի վիճակ էր, բլոկադա էր, ծանր տնտեսական վիճակ էր: Բայց ունեինք մի առավելություն` ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Եվ 95-ին, 94-ին Հայաստանը համարվում էր ժողովրդավարության կենտրոն Հարավային Կովկասում: Այդ գործոնը մենք օգտագործել ենք: Մի նուրբ տարբերություն էլ կար. մենք Ցեղասպանության ճանաչման գործը երբեք շեփորներով չէինք մատուցում: Մենք աշխատում էինք դիպլոմատիկ ճանապարհներով, միջպետական ճանապարհներով: Եվ համարյա նույն չափ, կներեք այս համեմատության համար, երկրներ ճանաչել են Ցեղասպանությունը մինչեւ 98 թվականը, նույն չափ ճանաչել են 98-ից հետո»:

Գագիկ Ջհանգիրյանը, համոզմունք հայտնելով, որ առանց ղարաբաղյան հակամարտության` հօգուտ Ադրբեջանի կարգավորման չեն կարգավորվի հայ-թուրքական հարաբերությունները, 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները համարեց խոչընդոտ, որպեսզի այլ երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

«Այդ արձանագրությունները վավերացված չեն, բայց Ազգային ժողովի մեր մեծ օրակարգում են, վստահ եմ նաեւ, որ թուրքական պառլամենտի օրակարգում են: Հայ-թուրքական այդ արձանագրություններում ստորագրված դրույթ կա, որով պետք է պատմաբանները ուսումնասիրեն այդ հարցը, ինչը, ես կարծում եմ, բավական խոցելի է դարձրել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը այլ պետությունների եւ միջազգային կառույցների կողմից: Որովհետեւ ստացվում է, որ եթե որեւէ պետություն այսօր բարձրացնում է այդպիսի հարց, նա խանգարում է հայ-թուրքական այդ բանակցությունների մեկնարկին, իրականացմանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ջհանգիրյանը:

Ի դեպ Կոնգրեսի երթին չնկատեցինք ո'չ Կոնգրեսի խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ո'չ Հրանտ Բագրատյանին: Փաշինյանը ժամեր անց առանձին եկավ Ծիծեռնակաբերդ:

Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս բացակայում էր` Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին մասնակցելու պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG